Հայաստանում անհրաժեշտ է մարդու պապիլոմա վիրուսի (Human Papillomavirus, HPV) դեմ պատվաստումների ծրագիր ներդնել։ Այսպիսի կարծիք NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում արտահայտեց ամերիկացի ուռուցքաբան Միկլոս Սայմոնը (Miklos Simon)։
Մարդու պապիլոմա վիրուսի որոշ շտամները շատ վտանգավոր են եւ կարող են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այսօր այս վիրուսը լայնորեն տարածված է ողջ աշխարհում, եւ կա կարծիք, որ երկրագնդի մարդկանց կեսը դրա կրողներն են։ Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների թիվն էլ է աշխարհում աճում. Ամեն տարի քաղցկեղի այս տեսակը հայտնաբերվում է մոտ 470 000 կանանց մոտ։ Հայաստանում, օրինակ, 2013 թվականին արգանդի վզիկի քաղցկեղի 299 նոր դեպք է գրանցվել։
Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը հնարավորություն է տալիս կանխարգելել այդ վիրուսի պատճառով առաջացող հիվանդությունները, մասնավորապես, արգանդի վզիկի քաղցկեղը։ Մի շարք երկրներում համարում են, որ նման կանխարգելումը շատ ավելի մատչելի եւ դյուրին է, քան պապիլոմա վիրուսի պատճառով առաջացած հիվանդությունների բուժումը։
Ինչպես մեզ պատմեց Միկլոս Սայմոնը, ԱՄՆ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ծրագիրը մեկնարկել է մոտ 2 տարի առաջ, եւ թեկպետ ծրագրի արդյունքները պարզ կլինեն մոտ 20 տարի անց, օնկոլոգը համոզված է, որ այն իրոք կօգնի նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը ԱՄՆ-ում։
«Մենք գիտենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր տեսակների պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է։ Այսօր այս վիրուսի պատճառով առաջացած քաղցկեղների թիվն աշխարհում աճում է, բայց մենք համոզված ենք, որ այս պատվաստումները կնվազեցնեն այն», - ասաց օնկոլոգը։
Նա նաեւ նշեց, որ պատվաստել պետք է աղջիկներին՝ մինչեւ սեռական կյանք սկսելը, իսկ ավելի ուշ կատարված պատվաստումներն արդեն այդքան արդյունավետ չեն լինի։






