Սննդակարգում կանաչ տերեւներ ունեցող բանջարեղենի մեծ քանակությամբ առկայությունը նվազեցնում է լյարդի ճարպային հիվանդության զարգացման հավանականությունը: Այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել Karolinska Institutet-ի (Շվեդիա) գիտնականները: Նրանց վերջին հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ մեծ քանակությամբ ոչ օրգանական նիտրատի գործածումը, որը բանջարեղեններից շատերի բաղադրության մեջ է մտնում, կարող է նվազեցնել լյարդում ճարպի կուտակման ցուցանիշները:

Սա ապացուցվել է կրծողների մասնակցությամբ փորձով. կենդանիներին կերակրել են ճարպի եւ շաքարի մեծ պարունակությամբ մթերքներով: Չնայած ոչ առողջ սննդակարգին, նիտրատներով հավելումները թույլ են տվել նվազեցնել լյարդում ճարպի պարունակությունը: Ավելին՝ իջել է արյան ճնշումը, 2-րդ տիպի դիաբետի նշաններով կենդանիների մոտ հավասարվել է ինսուլինի եւ շաքարի հարաբերակցությունը:

Գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ օքսիդատիվ սթրեսն առաջացնում է ազոտի օքսիդի ազդանշանային ակտիվության խանգարումներ, ինչը բացասաբար է ազդում կարդիոմետաբոլիկ ֆունկցիաների վրա: Իսկ հիմա հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգում մեծ քանակությամբ նիտրատներն օրգանիզմում կարելի է վերածել ազոտի օքսիդի եւ ազոտի կենսաբանորեն ակտիվ այլ տեսակների:

Փորձագետները խորհուրդ են տալիս դրական արդյունքի հասնելու համար օրական գործածել նվազագույնը 200 գրամ տերեւավոր բանջարեղեն: