Գիշերը լավ քնելու համար անհրաժեշտ են հետեւյալ պայմանները՝ լռություն, հարմարավետ ներքնակ եւ մութ սենյակ։ Բայց որոշ մարդիկ վախենում են մթությունից եւ քնում են լույսի ներքո, ինչը կարող է վնասակար լինել իրենց առողջության համար։ Ըստ American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված մի նոր հետազտության՝ չափից շատ լուսավորված սենյակում քնող մարդկանց մոտ առկա է մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ) բարձրացման, այսինքն, ճարպակալման վտանգ։
«Նյութափոխանակությունը կախված է օրգանիզմի ցիկլային ռիթմերից, որոնք ուղղակիորեն կապված են մեր քնի, արթնանալու, ինչպս նաեւ լուսավորության հետ», - ասել է Լոնդոնի քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Սվերդլովը, հաղորդում է Medical Daily-ն՝ հղելով Telegraph-ին։
Նախնադարյան մարդը արթուն է մնացել, երբ լույս է եղել, իսկ գիշերը հանգստացել է։ Դա հանդիսանում է մարդու ցիրկադային (24 ժամ) կենսաբանական ժամերի մի մասը։ Լույսն ազդում է մեր տրամադրության, ֆիզիկական ակտիվության եւ անգամ սննդի մարսողության վրա, այդ պատճառով, լուսավորության պատճառով առաջացած ցիրկադային ռիթմերի եւ քնի խանգարումները կարող են ճարպակալման պաճառ դառնալ։
Հետազոտության համահեղինակ, քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտ հրավիրված գիտաշխատող Էմիլի ՄաքՖադենը փորձել է պարզել, արդյոք հնարավոր է, որ գիշերային ժամերին լույսի ազդեցությամբ ցիրկադային ռիթմերի խախտումը նպաստի կանանց մոտ ավելորդ քաշի առաջացմանը։ Հետազոտության տվյալները հիմնված են 2003-2012թթ հավաքագրված 16 տարեկանից բարձր կանանց ուսումնասիրությունների վրա։
Կանանց խնդրել են գնահատել իրենց ննջասենյակի լույսի քանակը հետեւյալ սանդղակով.
- Բավարար լույս կարդալու համար
- Բավարար լույս ողջ ննջասենյակը տեսնելու (բայց ոչ կարդալու) համար,
- Բավարար լույս միայն առաջ պարզած ձեռքը տեսնելու համար
- Այնպիսի մթություն, որ չեք տեսնում Ձեր ձեռքը կամ քնելու համար նախատեսված դիմակ եք կրում։
Արդյունքները ցույց են տվել, որ գիշերային լույսի քանակի ավելացման հետ միասին մեծանում է նաեւ ճարպակալման հավանականությունը։ Հետազոտողները ենթադրել են, որ արհեստական լույսը նպաստում է քաշի ավելացմանը՝ հետաձգելով քնի հորմոնի՝ մելատոնինի առաջացումը։






