Երեկոյան ֆիզիկական մարզումները քունը լավացնում են: Այս մասին են վկայում Ցյուրիխի Բարձրագույն տեխնիկական դպրոցի Մարդու շարժումների եւ սպորտի ինստիտուտի (Institute of Human Movement Sciences and Sport at ETH) հետզոտությունները, որ հրապարակվել են Sports Medicine-ում:
Գիտական հրապարակումները վերլուծելով՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ քնելուց ոչ պակաս, քան 4 ժամ առաջ մարզումները քնի վրա բացասաբար չեն ազդում: Դրանից բացի, թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլատրելի է անգամ քնից առաջ:
Ընդ որում՝ գիտնականները նշում են, որ երեկոյան ժամերին սպորտով զբաղվելը ընդհանրապես քնի վրա դրական է ազդում: Այսպես՝ սպորտով զբաղվելուց հետո գիշերային քնի ժամանակի 21,2 տոկոսը բաժին է հասել խորը քնին՝ այն դեպքում, երբ ֆիզիկական ակտիվության բացակայությամբ այս ցուցանիշը միջինը 19,9 տոկոս է եղել:
Փորձագետները, միաժամանակ, նշում են, որ քնելուց մեկ ժամ առաջ եռանդուն մարզումներն իսկապես կարող են քնի վրա բացասական ազդեցություն գործել: Սա արտահայտվում է նրանով, որ այսպիսի ծանրաբեռնվածությունից հետո քնելու համար մարդուն ավելի շատ ժամանակ է պետք: Բացատրությունը պարզ է՝ նույնիսկ քնելուց մեկ ժամ առաջ եռանդուն մարզումներից հետո մարդու սիրտը րոպեում 20 զարկ ավելի արագ է բաբախում, քան հանգստի վիճակում:
Բժիշկների հրահանգների համաձայն՝ հարկավոր է շաբաթական չափավոր մարզումներին հատկացնել 150 րոպեից ոչ պակաս: Այս կանոնը պահպանելու պարագայում հետազոտություններից ոչ մեկում քնի հետ կապված խնդիրներ չեն նշվել, նույնիսկ եթե մարզումն ավարտվել է 30 րոպե առաջ մինչեւ քնելը:






