Քրեյգ եւ Ադել Լեյքերը կորցրել են իրենց երեք երեխաներին հազվագյուտ ժառանգական հիվանդության պատճառով, որը հայտնի է որպես Լեյի համախտանիշ։ Նույն հիվանդությունը ժառանգել է նաեւ նրանց չորրորդ եւ վերջին դուստրը, ում, ամենայն հավանականությամբ, ապրելու քիչ ժամանակ է մնացել
8-ամյա Ջեյդ Լեյքը նշված համախտանիշով երեխաներից ավելի երկար է ապրում, սակայն ցանկացած պահի նա կարող է մահանալ։ Այսօր իր մտավոր զարգացմամբ Ջեյդը երկամյա երեխայի մակարդակ ունի։ Նա տառապում է ծանրագույն էպիլեպսիայով, շատ կարճ հիշողությամբ եւ անընդհատ հոգնածությամբ։ Լեյքերի ընտանիքի բոլոր չորս երեխաներից միայն Ջեյդն է սովորել ինքնուրույն քայլել եւ խոսել։ Լեյի համախտանիշով հիվանդների մոտ դա շատ հազվադեպ է պատահում։
Ջեյդի եղբայրն ու քույրերը արդեն մահացել են այս հիվանդությունից։ Անջելը մահացել է 2011թ․՝ 3 տարեկան հասակում, եղբայրը՝ Էյ Ջեյը՝ 3 ամսականում, իսկ Ժասմինը՝ 2015թ․ 9 տարեկանում։
Ներկայում Ջեյդի առողջական վիճակը սրընթաց վատանում է, եւ մի օր առավոտյան նա կարող է պարզապես չարթնանալ։ հենց այդ պատճառով էլ նրա ծնողներն ամեն ապրած օրը ընդունում են որպես ճակատագրի նվեր։
Լեյի համախտանիշը հազվագյուտ ժառանգական նյարդամետաբոլիկ հիվանդություն է, որը վնասում է ԿՆՀ-ն։ Այս համախտանիշը արտահայտվում է մինչեւ մեկ տարեկան հասակը, իսկ երեխաների մեծ մասը մահանում է մինչեւ 3 տարին լրանալը։ Հիվանդությունը առաջացնում է նյարդերի զարգացող ախտահարում, մկանների կաթված, գլխուղեղում կապերի խախտում եւ շնչառական լուրջ խնդիրներ։
Համախտանիշը հանդիպում է 40 000 երեխայից մեկի մոտ եւ կապված է ավելի քան 30 տարբեր գեների մուտացիայի հետ, որոնք ժառանգաբար փոխանցվում են ծնողներից, ովքեր այդ հիվանդությամբ չեն տառապում։






