Կանայք ավելորդ քաշ են հավաքում աշխատավայրում սթրեսի պատճառով:

Գյոթեբորգի համալսարանի հետազոտությունը, որին մասնակցել է 3800 մարդուց ավելի, ցույց է տվել, որ աշխատավայրում սթրես ապրող կամ իրենց կարիերայից դժգոհ կանայք առաջիկա 10-20 տարում ավելորդ քաշ հավաքելու վտանգի են ենթարկվում: Ընդ որում՝ աշխատանքով չափից ավելի ծանրաբեռնվածությունը կանանց ապամոտիվացնում է՝ մեծացնելով հակվածությունը յուղոտ սննդի գործածմանը՝ սպորտով զբաղվել չցանկանալու հետ միասին:

Դրանից բացի, սթրեսի ժամանակ կորտիզոլ հորմոն է արտադրվում, որը «նպաստում» է փորի շրջանում ճարպի կուտակման պրոցեսին:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ աշխատավայրում կանայք սթրեսից ավելի շատ են տառապում, քանի որ ստիպված են կիսվել կարիերայի եւ ընտանիքի միջեւ:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են Västerbotten Intervention Program (VIP) ծրագրի 3872 մասնակիցների տվյալները: Դիտարկումները կատարվել են 20 տարի, ընդ որում՝ փորձի սկզբում փորձարկվողների տարիքը կազմել է 30-40 տարեկան: Նշված ժամանակահատվածում կամավորները երեք անգամ կշռվել են, ինչպես նաեւ մանրամասն պատմել են իրենց սննդակարգի եւ տարած սթրեսի մասին:

Հետազոտության սկզբում կանանց 27 տոկոսը եւ տղամարդկանց 39 տոկոսը ավելորդ քաշ ունեին կամ ճարպակալմամբ էին տառապում: Հաջորդ տասնամյակի ընթացքում իգական սեռի 33,5 տոկոսը եւ արական սեռի 26 տոկոսը ավելորդ քաշ են հավաքել, որը կազմել է նրանց քաշի 10 եւ ավելի տոկոսը (միջինը 5 կգ): Փորձի 20 տարին լրանալուց հետո պարզվել է, որ գիրացել է կանանց 48,9 տոկոսը եւ տղամարդկանց՝ 43,7 տոկոսը:

Ուշագրավ է, որ աշխատանքին լիարժեք տրվող կանայք արդյունքում 20 տոկոսով ավելի շատ են գիրանում, քան նրանց պակաս աշխատասեր գործընկերները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Archives of Occupational and Environmental Health ամսագրում: