Պրոբիոտիկները (ֆունկցիոնալ կենդանի միկրոօրգանիզմներ) կարող են անօգտակար եւ անգամ վնասակար լինել։ Նման եզրահանգման են եկել Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները։

Հաճախ պրոբիոտիկները պարունակվում են հատուկ հավելանյութերում եւ կաթնամթերքներում, եւ այդ ապրանքներն արտադրողներն իրենց արտադրանքի գովազդում նշում են դրա օգտակարությունն առողջության համար։ Այնինչ, ամերիկյան գիտնականները պարզել են, որ իրականում անգամ օգտակար միկրոօրգանիզմները, հայտնվելով աղիներում, կարող են բացասաբար ազդել առողջության վրա։ Բանն այն է, որ պրոբիոտիկները, ինչպես եւ ցանկացած բակտերիաներ, արագ հարմարվում են շրջակա միջավայրին (այս դեպքում՝ աղիների միկրոմիջավայրին)։

Փորձի շրջանակում գիտնականները կրծողներին բաժանել են 4 խմբի՝ ելնելով դրանց աղիների միկրոմիջավայրից։ Առաջին խմբում եղել են առողջ մկները, երկրորդում՝ աղիների միկրոօրգանիզմների սահմանափակ կազմով կրծողները, երրորդում՝ միկրոբներ ունեցող մկները, ինչը բնորոշ է հակաբիոտիկներով բուժում անցած պացիենտներին, չորրորդում՝ աղիների միկրոօրգանիզմների զրոյական ցուցանիշով կրծողները։

Ընդ որում՝ մկների մի մասն ստացել է բջջանյութի բարձր պարունակությամբ կեր, մյուսները կերել են անառողջ սնունդ (ճարպերի ու շաքարի բարձր պարունակությամբ), երրորդները՝ խառը (օգտակար եւ վնասակար) մթերքներ։

5 շաբաթվա ընթացքում ուսումնասիրելով պրոբիոտիկների ազդեցությունը նրանց օրգանիզմի վրա՝ գիտնականները պարզել են, որ պրոբիոտիկները մկների աղիներում, որոնք սնվել են անառողջ կերով, սկսել են մուտացիայի ենթարկվել, իսկ կրծողները, որոնք բուժվել են հակաբիոտիկներով, կայունություն են դրսեւորել այդ միջոցների հանդեպ։

Բացի այդ, որոշ պրոբիոտիկներ սկսել են մաշել աղիների լորձը, ինչը բացասաբար է անդրադարձել կրծողների առողջության վրա։

Ստացված արդյունքները մտորելու տեղիք են տալիս, չէ՞ որ պրոբիոտիկները հաճախ օգտագործում են հենց նրանք, ովքեր աղիների միկրոմիջավայրի հետ կապված խնդիրներ ունեն։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի առաջ գնալ պրոբիոտիկների ադապտացման մեխանիզմների ուսումնասիրության եւ թերապեւտիկ բուժման նոր մեթոդների մշակման հարցում։

Հետազոտության արդյունքների մասին գիտական հոդվածը հրապարակվել է Cell Host and Microbe ամսագրում։