Ավստրալացի գիտնականները պնդում են, որ կաթից առողջությունն ու անհրաժեշտ քաշը վերակագնելու հնարավորությամբ օժտված «գերխմիչք» պատրաստելու բաղադրատոմս են ձեռք բերել, հաղորդում է Daily Mail-ը:
Մոնաշի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ մարսողության ընթացքում կաթի մասնիկները երկրաչափական համաչափություն ունեցող իդեալական կառույցներ են կազմում, որոնց օգնությամբ հնարավոր է մարդու առողջության համար օգտակար այլ բաղադրիչներ փոխանցել:
«Այդ փոքր եւ բարձր կազմակերպվածությամբ աչքի ընկնող մասնիկների շնորհիվ ճարպերը, վիտամիններն ու ճարպալույծ միջոցները բջջային մեմբրանների միջոցով կարող են անմիջապես արյան շրջանառությանը հաղորդակցվել», - մեկնաբանել են հետազոտության հեղինակները:
Գիտնականների խոսքով, կաթի բջիջների հենքի վրա կարելի է անգամ վաղաժամ ծնված երեխաների ուղեղի արագ վերականգնման համար անհրաժեշտ բոլոր նյութերով հարստացված խմիչք պատրաստել: Կամ էլ` այնպիսի կոկտեյլ, որի օգնությամբ հնարավոր է, օրգանիզմին սննդարար միկրոտարրեր հաղորդելով, հավելյալ քաշ ունեցող մարդկանց քաղցի զգացողությունից ազատել: Կաթնային «գերխմիչքը» կարող է նաեւ, որպես դեղամիջոցների «առաքման» նոր եղանակ, թերապեւտիկ նպատակներով կիրառվել:






