Օքսֆորդի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները հիվանդի լուսանկարի օգնությամբ ախտորոշում իրականացնող համակարգչային ծրագիր են մշակել: Խոսքը գենետիկ հիվանդությունների մասին է, որոնց 30-40 տոկոսը հատկանշական փոփոխություններ են առաջ բերում մարդու դեմքին, հաղորդում է eLife ամսագիրը:
Ներկայումս գիտությանը 7 հազար գենետիկ հիվանդություններ են հայտնի, որոնք ժառանգաբար` դեֆեկտիվ գեներով են փոխանցվում: Այդ հիվանդությունների ախտորոշումը հեշտ գործընթաց չէ, քանի որ յուրաքանչյուր մարդ շուրջ 4 մլն գենետիկ տարբերություններ է կրում:
Օքսֆորդի համալսարանի մասնագետները որոշել են, համակարգչային ճանաչման ոլորտում գրանցված վերջին ձեռքբերումների օգնությամբ, թեթեւացնել ախտորոշում իրականացնող բժիշկների խնդիրը: Նրանք հատուկ ծրագիր են մշակել, որը կարող է, օգտվելով մարդու լուսանկարից, նրա աչքերի, հոնքերի, քթի, այտոսկրերի եւ ծնոտի շուրջ տեղակայված 36 ռեպերային կետերի օգնությամբ դիմագծերի սխեմա կազմել: Այնուհետեւ Clinical Face Phenotype Space համակարգն է մշակվել, որը թվային սխեման կոորդինատային հարթություն է տեղափոխում:
Ծրագրի տվյալների բազայում նախապես 2878 լուսանկար է ներառվել, որից 1515-ը առողջ մարդուն հատուկ դիմագծեր ունեն, իսկ 1363-ը ութ տարբեր գենետիկ հիվանդությունների կրողներ են համարվում:
Հաջորդ փուլում գիտնականները 90 տարբեր հիվանդություններ կրող մարդկանց 2754 լուսանկարներ են համակարգչի քննությանը ներկայացրել: Այն վերլուծել է բոլոր դիմագծերը եւ ըստ կլաստերների դասավորել: Այդքանը բավական էր` համոզվելու համար, որ սարքն այլեւս ընդունակ է անծանոթ մարդու լուսանկարը վերլուծելիս այն տվյալների բազայի հետ համեմատել եւ հիպոթետիկ ախտորոշում առաջարկել:
Առաջարկվող մեթոդը չափազանց պարզ է` այն ընդամենը համակարգիչ եւ տեսախցիկ է պահանջում: Հարկավոր է միայն ստացված հիպոթետիկ պատասխանը գենետիկ քննության առնել: Սակայն այդ դեպքում եւս պարզ կլինի, թե որտեղ եւ ինչ պետք է փնտրել: Կարելի է նաեւ ընտանեկան ալբոմից վերցված լուսանկարները հետազոտել` պարզելու համար, թե նախնիներն ինչ հիվանդություններ կարող էին տվյալ մարդուն փոխանցել:






