Կանադայի Դելհաուզի եւ Մաքմասթերի համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են առկա հետազոտությունները կարմիր մսի օգտագործման մասին։ Նրանք եկել են եզրակացության, որ մեծահասակների մեծ մասը կարող է նախկինի պես ուտել այդ մթերքի սովորական քանակությունն առանց առողջությունը վտանգելու, տեղեկացնում է RG-ն։

Որպես հիմք գիտնականները վերցրել են այն հետազոտությունները, որոնք նվիրված են կարմիր եւ վերամշակված մսի ազդեցությանը կարդիոմետաբոլիզմի եւ քաղցկեղի առաջացման վրա, եւ կազմել 5 տեսություն։

Աշխատանքներից մեկում, որն ընդգրկել է 12 հետազոտություն եւ 54 հազար մասնակցի, փորձագետները չեն հայտնաբերել վիճակագրորեն նշանակալի կապ կարմիր մսի, դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի միջեւ։

Բոլոր հինգ տեսությունները հրապարակվել են Annals of Internal Medicine գիտական պարբերականում։ Հեղինակները ճշտում են, որ խոսքը կարմիր մսի չափավոր օգտագործման մասին է՝ շաբաթը երեք չափաբաժին։ «Ամբողջ աշխարհում մարդիկ հետաքրքրվում են սնվելու հարցերով, այդ թվում՝ կարելի՞ է արդյոք ուտել կարմիր միս։ Նրանք պետք է որոշում կայացնեն իրենց սննդակարգի մասին՝ հիմնվելով լավագույն տեղեկության վրա, որը հասանելի է այսօրվա դրությամբ»,- ասում է Մաքմասթերի համալսարանի պրոֆեսոր Գորդոն Գայաթը։

Գիտնականներն ասում են, որ հասկանում են, թե որքան է իրենց աշխատանքը հակասում կարմիր մսի վնասակարության մասին այն տեղեկություններին, որոնք հրապարակվել են մինչ այժմ։ Բայց պնդում են, որ այն համապարփակ է, եւ հակառակորդների համար դժվար կլինի փաստարկներ գտնել։