Եթե հաջողացրել եք ընկերություն հաստատել աշխատավայրում, ապա կարող եք ինքներդ ձեզ բախտավոր մարդ համարել: LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցը սպասարկող մասնագետների կողմից իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ մասնագիտական երջանկության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը աշխատավայրում ընկերների առկայությունն է համարվում, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության մասնակիցների՝ ամենատարբեր ոլորտներում ներգրավված աշխատակիցների 46 տոկոսը հաստատել են, որ երջանիկ են՝ աշխատավայրում ընկերներ ունենալու համար, եւ որ այդ հանգամանքը նշանակալի կարեւորություն ունի «համընդհանուր» երջանկության ձեւավորման գործում: Կայքն ավելի քան 225 մլն օգտատեր ունի եւ ամենահեղինակավոր մասնագիտական պլատֆորմն է համարվում՝ տվյալների հավաքագրման եւ մշակման համար: 

LinkedIn-ի կողմից իրականացված հետազոտությամբ պարզ է դարձել, որ աշխատավայրում հաստատված ընկերությունները գրասենյակով չսահմանափակվելու միտում ունեն: «Երրորդ հազարամյակի» մարդիկ (1980-2000թթ. ծնված սերունդ), որոնց թիվն ԱՄՆ-ում արդեն 82 մլն-ի սահմանն է հատել, երջանկության զգացում են ավելացնում՝ իրենց ղեկավարների հետ ժամանակ առ ժամանակ գրասենյակից դուրս հանդիպելու հնարավորության հաշվին: Հետազոտության մասնակիցների 28 տոկոսը վկայել է, որ  հաճախ է ոչ աշխատանքային ժամերին գործնականին չվերաբերող թեմաներով հաղորդագրություն ուղարկում անմիջական ղեկավարին՝ ի հակադրություն «բեյբի-բումերների» (1946-1964թթ. ծնված սերունդ, ԱՄՆ-ի բնակչության թիվը՝ 77 մլն), որոնց ընդամենը 10 տոկոսն է մենեջերների հետ ոչ գործնական շփումներ պահպանում:

«Մենք չենք առաջարկում ժամը մեկ հաղորդագրություն ուղարկել ղեկավարին՝ նոր գնված վերնաշապիկի կամ հեռուստացույցով հաղորդված նորության մասին, պարզապես ցանկանում ենք փաստել, որ աշխատակիցների մեծ մասն այլեւս չի ցանկանում գործնական հարաբերություններով բավարարվել», - նշել է LinkedIn-ի կորպորատիվ հարաբերությունների գծով տնօրեն Քեթրին Ֆիշերը: Նա երեք խորհուրդ է առաջարկել, երջանկության եւ փոխկապակցվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, աշխատավայրում առողջ ընկերական հարաբերություններ հաստատելու համար

1. Գործընկերների հետ շփումները էլեկտրոնային նամակներով եւ ֆորմալ հանդիպումներով մի սահմանափակեք: Օրինակ՝ LinkedIn-ի օգտատերերը գործնական շփումների ընթացքում «զբոսնելու»՝ գործնականին չվերաբերող հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու հնարավորություն ունեն:  Այս կերպ մասնակիցները բացվելու եւ աշխատանքի նկատմամբ առավել ստեղծագործ մոտեցումներ դրսեւորելու հնարավորություն են ձեռք բերում:

2. Գործընկերների անձնական կյանքով հետաքրքրվեք: Ամեն օր թեկուզ մի քանի րոպե անձնական մակարդակի շփումների հատկացրեք՝ գործընկերոջ սովորությունների, գրասենյակից դուրս կյանքի վերաբերյալ պատկերացում կազմելու համար:

3. Շնորհավորեք, տարածեք եւ հավանեք: LinkedIn-ի օգնությամբ հետեւեք գործընկերոջ հրապարակումներին, որեւէ առիթի դեպքում անպայման շնորհավորեք՝ ցույց տալու համար, որ անտարբեր չեք: