Կորոնավիրուսի գենոմը, որը չինական լաբորատորիայում առանձնացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, վիրուսի սկզբնական շտամը չէ, որից համավարակը սկսվել էր: Այսպիսի եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Նշված գիտնականները վերլուծել են կորոնավիրուսի 150 ամբողջական գենոմներ եւ հայտնաբերել ինֆեկցիոն ագենտի 3 տարբերակներ՝ A, B եւ С: Երեք տարբերակն էլ միմյանցից տարբերվում են ամինաթթվային հաջորդականություններով, որոնցում փոփոխությունները գենոմում մուտացիաների հետեւանք են:

Պարզվել է, որ А տեսակն ավելի մոտ էր կորոնավիրուսին, որը շրջանառվում է չղջիկների պոպուլյացիայում եւ համարվում COVID-19 հիվանդությունն առաջացնող SARS-CoV-2-ի նախնին: Ամենայն հավանականությամբ, հենց А տեսակն է անմիջականորեն ծագել կորոնավիրուսի վայրի տեսակից: А եւ С տեսակները տարածվել են Արեւելյան Ասիայի սահմաններից դուրս եւ հանդիպում են հիմնականում Եվոպայում ու ԱՄՆ-ում:

В տեսակը, որը А տեսակի ածանցյալն է (դրա մեջ տեղի են ունեցել 2 առանցքային մուտացիաներ), հատուկ է Ասիային, որի սահմաններից դուրս մեծ տարածում չի գտել՝ բացառությամբ մուտացիայի ենթարկված տարատեսակների: Կան մի քանի վարկածներ, որոնք դա կարող են բացատրել. կա՛մ մոլորակի բնակչության մնացյալ հատվածի մոտ այս տեսակի հանդեպ գոյություն ունի իմունաբանական կայունություն, կա՛մ դրա տարածման համար կան էկոլոգիական խոչընդոտներ, կա՛մ այստեղ «գործել» է հիմնադրի էֆեկտը, երբ նոր տարածքներում տարածվելու դեպքում գենետիկ բազմազանությունը փոխվում է:

Գիտնականների խոսքով՝ չինական Ուհանում SARS-CoV-2-ի տարածման ժամանակ B տեսակի կորոնավիրուսը սխալմամբ ընդունել են որպես սկզբնական վիրուս: Այնուհետեւ В տեսակը մուտացվել է С տեսակի: