Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից կենսաբանների խումբը գաղտնազերծել է հասարակ հերպեսի վիրուսի գենոմը, եւ, պարզվել է, այն շատ ավելի բարդ է, քան համարվում էր նախկինում։ Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

1-ին տեսակի հասարակ հերպեսի վիրուսը (ՀՀՎ-1), հնարավոր է, մարդկանց մեջ ամենատարածված վիրուսն է՝ տարբեր տվյալներով դրանով վարակված է աշխարհի ամբողջ մեծահասակ բնակչության 60-95%-ը։

Մի անգամ ընկնելով մարդու օրգանիզմ՝ հասարակ հերպեսի վիրուսը մնում է այնտեղ ամբողջ կյանքում։ Այն կարող է երկար ժամանակ որեւէ կերպ իրեն զգացնել չտալ՝ ակտիվանալով միայն հատուկ հանգամանքներում, օրինակ, երբ իմունային համակարգը թուլանում է կամ օրգանիզմը մրսում է, կամ բախվում է լուրջ նյարդային սթրեսի հետ։

Մարդկանց մեծ մասի մոտ այդ վիրուսը, ակտիվանալով, առաջացնում է տհաճ քոր ու ցան շուրթերին կամ քթի տակ։ Սակայն առանձին դեպքերում կարող են նաեւ ավելի լուրջ խնդիրներ լինել, օրինակ՝ ՀՀՎ-1-ը կարող է առաջացնել հերպեսային էնցեֆալիտ, որը հաճախ հանգեցնում է ուղեղի անդառնալի վնասման կամ կյանքի համար վտանգավոր պնեւմոնիայի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում պացիենտների մոտ։

Մինչ այժմ գիտնականները մտածում էին, որ 1-ին տեսակի հասարակ հերպեսի վիրուսը բավական հասարակ վիրուս է, եւ դրա մեջ կա մոտ 80, այսպես կոչված, բաց շրջանակներ (ORF)՝ նուկլեոտիդների հաջորդականություններ ԴՆԹ-ի կազմում, որոնք ունակ են կոդավորել սպիտակուցը։ Սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրանք շատ ավելի շատ են, ավելի ստույգ՝ 284-ը։ ORF-ի թվի այդ մեծացումը կապված է այն բանի հետ, որ գիտնականներին հաջողվել է նույնականացնել հարյուրավոր նոր վիրուսային տրանսկրիպտներ՝ ՌՆԹ-ի մոլեկուլներ, որոնք առաջանում են տրանսկրիպցիայի՝ ԴՆԹ-ի համապատասխան գենի կամ հատվածի էքսպրեսիայի արդյունքում։

«Նոր արդյունքները այժմ թույլ են տալիս վիրուսի առանձին գեներն առավել մանրամասն ուսումնասիրել, քան նախկինում էր»,- ասել է հետազոտության ղեկավար, Յուլիուսի եւ Մաքսիմիլիանի անվան Վյուրցբուրգի համալսարանի վիրուսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լարս Դոլքենը։