Աղտոտված օդից մանրագույն մասնիկները կարող են հայտնվել երիտասարդների գլխուղեղի բնի մեջ եւ առաջացնել Ալցհեյմերի հիվանդության հետ սերտորեն կապված խանգարումներ։ Սրանով կարող է բացատրվել, թե ինչու է մահացու վտանգավոր դեմենցիայի տարածումը վերջին տարիներին ստացել համաճարակային թափ․ ամբողջ աշխարհում հիվանդ է արդեն մոտ 30 մլն մարդ, հայտնում է The Guardian-ը։

Մեծ քանակությամբ վտանգավոր նանոմասնիկներ են հայտնաբերվել Մեխիկոյից 186 մարդկանց մոտ, որոնք տարբեր պատճառներով մահացել են 11 ամսականից մինչեւ 27 տարեկանում։ Գիտնականների խոսքով՝ այս մասնիկները օրգանիզմ են թափանցել քթի կամ աղիների միջոցով, որից հետո հայտնվել են արյան հոսքի մեջ եւ հասել ուղեղ, որտեղ նպաստել են անոմալ սպիտակուցների առաջացմանը, որոնք հատուկ են նեյրոդեգեներատիվ հիվանդություններին։ Ընդ որում՝ ավելի պակաս աղտոտված օդով շրջաններում ապրող նույն տարիքի մարդկանց մոտ այդպիսի նյարդաախտաբանական փոփոխություններ չեն գտել։

Կոգնիտիվ հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդում են ինչպես գենետիկ գործոնները, այնպես էլ շրջակա միջավայրի գործոնները, այդ թվում՝  տարբեր թունավոր նյութերը։ Չնայած հետազոտողները դեռեւս չեն հաստատել օդի աղտոտվածության եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ հստակ պատճառահետեւանքային փոխադարձ կապը, բայց աղտոտված օդի նանոմասնիկներն անվանում են գլխուղեղի բջիջների դիսֆունկցիայի պատճառներից մեկը։ Ըստ վարկածի՝ էֆեկտրի դրսեւորումներից մեկն է երիտասարդների քայլվածքի եւ շարժումների կառավարման խանգարումը։

Հայտնաբերված նանոմասնիկները համապատասխանում են նրանց, որոնք  առաջանում են ճանապարհային երթեւեկության, վառելիքի այրման եւ արգելակների շփման ժամանակ։

Գիտնականների խոսքով՝ երեխաների մասնակցությամբ հետազոտությունները կարող են օգնել իմանալ, թե մասնիկներն ինչպիսի ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, քանի որ բնակչության այս խումբը դեռեւս չի բախվել դեմենցիայի հետ կապված այլ գործոնների, ինչպիսին է ալկոհոլի գործածումը։