Ինչպես հայտնի է, բրինձը պարունակում է պոտենցիալ վտանգավոր նյութ զառիկ եւ ոչ այնքան փոքր քանակությամբ։ Մեծ Բրիտանիայում Շեֆիլդի համալսարանի գիտնականները հայտնել են, թե ինչպես պետք է բրինձը եփել՝ դրա մեջ պարունակվող զառիկը 50-74 տոկոսով հանելու, բայց սննդարար միկրոտարրերի պարունակությունը պահպանելու համար։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Science of The Total Environment ամսագրում։
Մասնագետների խոսքով՝ բրինձի միջից զառիկը հանելու համար կարելի է օգտագործել տան պայմաններում հասանելի մեթոդ, որը կոչվում է աբսորբցիայով շոգեհարում (PBA, parboiling with absorption method)։ Այն նախատեսում է 5 րոպե բրինձի շոգեհարում նախապես եռացող ջրում, որից հետո ջուրը թափվում է։ Երկրորդ փուլում բրինձը եփվում է թույլ կրակի վրա, մինչեւ ջուրը ներծծում է իր մեջ։
Զառիկը, որը ջրում լուծվող քաղցկեղածին է, հեշտ է կուտակվում բրինձի մեջ, որը 10 անգամ ավելի շատ է պարունակում, քան մյուս հատիկավորները։ Հատկանշական է, որ դարչնագույն բրինձը սպիտակից ավելի շատ է զառիկ պարունակում թաղանթի առկայության հաշվին, որտեղ տոքսինը կենտրոնանում է։ PBA-ն թույլ է տալիս դարչնագույն բրինձից հանել զառիկի 50 տոկոսը, իսկ սպիտակ բրինձից՝ 74 տոկոսը։






