Կորոնավիրուսային հիվանդության աճին զուգահեռ՝ շատ երկրներում բարձրանում է ԹԱՕ սարքերի պակասի խնդիրը․ դրանց կարիքն ունեցող պացինետները չափից ավելի շատ են, եւ առողջապահության համակարգերը ուղղակի չեն հաղթահարում նման ծանրաբեռնվածությունը։

Որոշ երկրներում բժիշկներն արդեն ստիպված են եղել աշխատել այնպիսի պայմաններում, երբ անհրաժեշտ սարքավորումը անբավարար է եղել նորմալ աշխատելու համար, եւ առաջացել է անխուսափելի ընտրություն՝ առաջին հերթին ում ցուցաբերել օգնություն, եւ ում «խնդրել սպասել»։ Այսպիսի խնդիրները բժիշկների վրա ահռելի հոգեբանական ճնշում են գործադրում։

ԱՄՆ-ից եւ Չինաստանից գիտնականները որոշել են հետաքրքիր փորձ անցկացնել, որի ժամանակ մարդիկ պետք է որոշեին, թե երկու պացիենտից ում միացնեն ԹԱՕ սարքին, եւ պատճառաբանեին իրենց որոշումը, հայտնում է Medportal.ru-ն։ Այս փորձի արդյունքները հրապարակվել են Journal of the Association for Consumer Research-ում։

Մասնակիցներին առաջարկել են 15 հնարավոր սցենար, որոնցում անհրաժեշտ է ընտրություն կատարել երկու պացիենտների միջեւ, որոնց կյանքը փրկելու համար անհրաժեշտ է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Յուրաքանչյուր պացիենտի համար նշվել են 10 բնութագրեր, ներառյալ տարիքը, սեռը, ողջ մնալու հավանականությունը եւ քրեական անցյալը։

Պարզվել է, որ մարդկանց համար առավել էական ցուցանիշներն են տարիքը եւ ողջ մնալու հավանականությունը․ հենց այս ցուցանիշներով են նրանք պայմանավորել որոշումների գրեթե կեսը։

Գիտնականները խնդրի լուծմանը հետազոտության մասնակիցների այսպիսի մոտեցումն անվանել են «գործնական»։ Ըստ ամենայնի, մասնակիցները ցանկացել են, որ իրենց որոշումը հանրությանն առավելագույն օգուտ տա․ նրանք «ԹԱՕ սարքը տվել» են նրանց, ով կարող է ավելի երկար ապրել, եւ նրանց, ովքեր, ամենայն հավանականությամբ, ողջ կմնան։  

Փոքր չափով, բայց նույնպես էական է, որ հետազոտության մասնակիցները ուշադրություն են դարձրել այնպիսի գործոններին, ինչպես ազգությունը (մեծ մասամբ իրենց հայրենակիցներին նախընտրել են օտարներից), քրեական անցյալի առկայությունը (նախապատվությունը տվել են նրանց, որոնք հանցագործություններ չեն կատարել)։ Մեծ հավանականությամբ, ԹԱՕ սարք են կարողացել ստանալ նաեւ նրանք, ովքեր պոտենցիալ ավելի քիչ օր կստանային թոքերի օդափոխություն, նաեւ նրանք, ովքեր ավելի քիչ թվով մարդկանց են վարակել, եւ ում բուժումը հանրային միջոցների ավելի քիչ ծախս է պահանջում։

Որոշ դեպքերում պատասխանները կախված էին նաեւ փորձի մասնակիցների մշակութային առանձնահատկություններից։ Օրինակ՝ հարցմանը մասնակցած Չինաստանի բնակիչները ավելի քիչ են նշանակություն տվել պացիենտների երիտասարդ լինելուն։ Ամերիկացիներին ավելի շատ հետաքրքրել է ապաքինման հավանականությունը։ COVID-19-ի հետ անձամբ բախված մարդիկ որոշում ընդունելիս ավելի քիչ են ուշադրություն դարձրել, թե մարդն ինչ հավանականությամբ ողջ կմնա։

Գիտնականների խոսքով՝ իրենց հետազոտությունը նպատակ չունի ազդելու որոշումների վրա, որոնք պետք է ընդունեն առողջապահության աշխատողները։ Բայց, իրենց կարծիքով, անհրաժեշտ է իմանալ այս հարցի վերաբերյալ մարդկանց կարծիքը։