Սննդակարգում որոշ փոփոխություններ, այդ թվում՝ գինու եւ պանրի ներառումը, կարող են զսպել կոգնիտիվ ցուցիչների տարիքային նվազումը տարեց հասակում: Այդ եզրահանգման են եկել Այովայի համալսարանի գիտնականները:

The Daily Pioneer-ի հաղորդմամբ՝ նրանք վերլուծել են տվյալներ, որոնք հավաքագրել են հետազոտության ավարտի պահին 46-77 տարեկան 1787 մարդու շրջանում: Գիտնականները գնահատել են կամավորների կոգնիտիվ ցուցիչները եւ նրանց սննդակարգը (ստուգումներն անցկացվել են 2006-2010, 2012-2013 եւ 2015-2016 թվականներին):

Առանձին մթերքներ օգտագործելու հաճախականության մասին տվյալներ պարունակող հարցաթերթում կամավորները պատասխանել են թարմ մրգեր եւ չրեր, հում բանջարեղեն եւ բանջարեղենային աղցաններ, յուղոտ եւ անյուղ ձուկ, մշակված թռչնամիս, տավարի, գառան, խոզի միս, պանիր, հաց, փաթիլներ, թեյ եւ սուրճ, գարեջուր, կարմիր եւ սպիտակ գինի, շամպայն եւ լիկյոր օգտագործելու մասին հարցերին:

Հավաքագրված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ պանիրը կարելի է համարել լավ մթերք տարիքային կոգնիտիվ խնդիրները կանխարգելելու համար: Իսկ ալկոհոլի, մասնավորապես, կարմիր գինու ամենօրյա օգտագործումը նույնպես կապված է կոգնիտիվ ֆունկցիաների լավացման հետ:

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ գառան մսի ամենօրյա օգտագործումը (բայց ոչ կարմիր մսի), ուժգնացնում է կոգնիտիվ ունակությունները երկարաժամկետ հեռանկարում: Մինչդեռ աղի չափից շատ օգտագործումը մեծացրել է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը: