Վերամշակված (մաքրված) ձավարեղենի օգտագործումը կարող է վտանգավոր լինել կյանքի համար: Այս մասին ասվում է BMJ ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Պարզվել է, որ այդպիսի ձավարեղենի հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը` չմաքրված ձավարեղենի եւ ամբողջական ձավարեղենի համեմատ, որն ավելի շատ սննդային մանրաթելեր, վիտամիններ, հանքանյութեր եւ ճարպաթթուներ է պարունակում, քան մաքրվածը:
Գիտնականների խումբը 9.4 տարվա ընթացքում հետեւել է 35-70 տարեկան 137 130 մարդու: Արդյունքները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր օրական 359 գրամ կամ ավելի մաքրված ձավարեղեն են ուտում, մահացության ռիսկը բարձր է 27 տոկոսով եւ 33 տոկոսով` սրտի հիվանդությունների ռիսկը: Բացի այդ, նրանց մոտ, ով ավելի շատ մաքրված ձավարեղեն էր ուտում, արյան ճնշումն ավելի բարձր էր:
Գիտնականներն այլ մշակաբույսերից առանձին հետազոտել են նաեւ սպիտակ բրինձը, քանի որ փորձարկման մասնակիցների 60 տոկոսն ապրում է Ասիայում: Պարզվել է, որ մաքրված սպիտակ բրինձը չի ազդում վաղաժամ մահվան վտանգի վրա:
Ըստ գիտնականների` միջինում մարդիկ իրենց օրվա կալորիաների մոտ կեսը լրացնում են ձավարեղենով: Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում այս ցուցանիշը 70 տոկոսի է հասնում:






