Ասիական երկրներում տարածված կծու սնունդը բնավ չի պաշտպանում ինֆեկցիաներից: Այս եզրակացության են հանգել Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Human Behavior ամսագրում:

Հետազոտողները հերքել են «գաստրոնոմիական դարվինիզմի» վարկածը, ըստ որի կծու կերակուրները օգնում են մարդկանց գոյատեւել տաք կլիմայական պայմաններում, որտեղ վարակման բարձր ռիսկ գոյություն ունի: Չնայած կծու համեմունքներն իսկապես տարածված են շոգ երկրներում, գիտնականները պարզել են, որ կծու կերակուրների հաճախակի օգտագործումը, հակառակը, կապված է մահվան մեծ ռիսկի հետ ոչ միայն թունավորումից, այլ նաեւ սննդի հետ կապ չունեցող այլ պատճառներից, ինչպիսին են, օրինակ, ավտովթարները:

Գիտնականների խոսքով` այդ տվյալները չեն վկայում այն մասին, որ կծու կերակուրները նվազեցնում են կյանքի տեւողությունը: Փոխարենը կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ, որոնք կարող են կապված լինել համեմունքների հաճախակի օգտագործման հետ: Այնուամենայնիվ, գիտնականները բացառել են մի շարք հնարավոր բացատրությունները, այդ թվում` կլիման, բնակչության խտությունը, մշակութային բազմազանությունը, կենսաբազմազանությունը եւ աճեցվող մշակաբույսերի քանակը: