Ո՞ր սննդային սովորություններն են կանխարգելում հաստ աղիքի քաղցկեղը (կոլոռեկտալ քաղցկեղ): Դրա պատասխանը հայտնաբերել են ԱՄՆ-ից եւ Մալայզիայից գիտնականները եւ հրապարակել նոր հետազոտությունը JAMA Network Open-ում:
Medportal.ru-ւ հաղորդմամբ՝ գիտնականների խումբը վերլուծել է շուրջ 10 000 գիտական հրապարակում այդ հարցի շուրջ առավել հուսալի առաջարկներն ընտրելու համար:
Գիտնականները հայտնաբերել են առավել արտահայտված կանխարգելիչ ազդեցություն առողջ սննդի, միջերկրածովյան սննդակարգի, կիսաբուսակերության եւ ծովամթերքի ավելացմամբ բուսակերության դեպքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ առողջ սնունդը նվազեցնում է բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների առաջացումը: Փորձագետների խոսքով՝ սնունդը պետք է լինի բազմազան, պարունակի փոքր քանակությամբ աղ, հագեցած եւ տրանս-ճարպեր: Դրա հիմնական բաղադրիչներն են.
- Հացահատկային մթերք (ցորեն, եգիպտացորեն, բրինձ եւ այլն) եւ արմատապտուղներ (կարտոֆիլ եւ այլն):
- Ընդեղեն:
- Մրգեր եւ բանջարեղեն:
- Կենդանական ծագման սնունդ (միս, կաթ, ձու, ձուկ):
Հիմնական խորհուրդները
- Պետք է օգտագործել շատ մրգեր եւ բանջարեղեն:
- Սննդակարգում ճարպի քանակությունը պետք է կրճատել:
- Անհրաժեշտ է օգտագործել օրական առավելագույնը 10 կալորիայի չափով շաքար: քաղցրավենիքն ու խմորեղենն ավելի լավ է փոխարինել թարմ մրգերով:
- Անհրաժեշտ է սահմանափակել աղի օգտագործումը:
Հետազոտությունը հաստատել է, որ այսպես կոչված արեւմտյան սննդակարգը (մեծաքանակ կարմիր եւ մշակված միս, պատրաստի ուտելիք, ճարպեր, աղ, շաքար, ռաֆինացված եւ օսլայած մթերք) մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը: Մեծ ռիսկի հետ է կապված օրական 10 մլ մաքուր սպիրտը կամ դրան համարժեք ոգելից խմիչքները:
Այդ հիվանդությունը կանխարգելելու համար ամենաօգտակար մթերքների խումբը հացահատիկն է, ընդեղենը, ոչ ֆերմենտացված կաթը, մրգերն ու բանջարեղենը:
Առավել արտահայտված պաշտպանիչ ազդեցություն ունեն վիտամին D-ով եւ կալցիումով հարուստ մթերքը, մանրաթելերն ու յոգուրտը: Ցինկը, մագնեզիումը, վիտամին B6-ն, վիտամին D-ն, վիտամին Е-ն, ֆոլաթթուն օգտակար էին ինչպես սննդի կազմում, այնպես էլ բիոակտիվ հավելումների տեսքով:






