Արհեստական քաղցրացնող նյութերի օգտագործումը ավելորդ քաշի դեմ պայքարում կարող է այնքան էլ լավ գաղափար չլինել։ Այս մասին վկայում են ոչ մեծ փորձի արդյունքները, որի մասին հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, շաքարի փոխարինիչների անվտանգության եւ ավելորդ քաշի դեմ պայքարում դրանց արդյունավետության մասին տվյալներն առայժմ բավարար չեն։

Հայտնի չէ նաեւ, թե ինչպես են արհեստական քաղցրացնող նյութերն ազդում ախորժակի եւ քաշի վրա։ Գլխուղեղի որոշակի հատվածներ, որոնք պատասխանատու են ախորժակը կարգավորելու համար, կարող են արձագանքել դրանց։ Բայց այդ խնդրին նվիրված հետազոտությունները հակասական արդյունքներ են ցույց տալիս։ Եթե պարզվի, որ շաքարի փոխարինիչներն ուժեղացնում են քաղցի զգացողությունը, դրանց կիրառությունը ճարպակալման դեմ պայքարում կարող է աննպատակահարմար լինել։

Նոր հետազոտությունում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները փորձով ստուգել են քաղցր ըմպելիքների ազդեցությունն ախորժակի վրա։

Հետազոտությանը մասնակցել է 72 մարդ։ Գիտնականները նրանց տվել են մաքուր ջուր՝ կամ սախարոզով (շաքար), կամ սուկրալոզայով (շաքարի փոխարինիչ) քաղցրացված։ Դրանից 20 րոպե հետո նրանք թեստ են հանձնել, որի ժամանակ նրանց ցուցադրել են տարբեր ուտելիքների պատկերներ եւ զուգահեռ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ֆՄՌՏ) անցկացրել։ Այս մեթոդը ի հայտ է բերում ուղեղի ակտիվություն՝ կապված քաղցի հետ։ Փորձի ընթացքում մասնակիցներից մի քանի անգամ արյան անալիզ են վերցրել քաղցի բիոմարկերներ հայտնաբերելու համար։ Երկու ժամ անց հետազոտության մասնակիցներին տարել են բուֆետ, որտեղ նրանք կարող էին ուտել ինչքան ուզենան։

Գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ արհեստական քաղցրացնող նյութով ջուրն ավելի է գրգռել ախորժակը, քան շաքարով ջուրը։ Նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ նման բան չի նկատվել։ Բացի այդ, սուկրալոզայով ջրից հետո ախորժակը մեծացել է կանանց, բայց ոչ տղամարդկանց մոտ։