B12 վիտամինի պակասը երկու անգամ ավելացնում է տարեց մարդկանց դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Այս մասին տեղեկացվում է իռլանդացի գիտնականների հետազոտությունում, որը հրապարակվել է British Journal of Nutrition ամսագրում։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, B12 վիտամինը կարեւոր է էրիթրոցիտների, նյարդային համակարգի աշխատանքի եւ ԴՆԹ սինթեզի ճիշտ ձեւավորման համար։ Եթե մարդը բավականաչափ քանակությամբ չի ստանում B12 սննդի կամ հավելումների միջոցով, դա կարող է հանգեցնել մի ամբողջ շարք տհաճ ախտանշանների, ինչպիսին են հոգնածությունը, թուլությունը, փորկապությունը, ախորժակի եւ քաշի կորուստը։ Նկատվում են նաեւ ապակողմնորոշման եւ հիշողության վատացման դեպքեր, ընդհուպ մինչեւ դեմենցիա։

Մասնագետների խոսքով՝ տարեց մարդիկ հատկապես ընկալունակ են այդ վիտամինի պակասի հանդեպ, չէ՞ որ տարիքի հետ օրգանիզմը ավելի քիչ աղաթթու է սինթեզում, ինչը դժվարացնում է B12-ի յուրացումը։ Սրա հետ կապված՝ կարող են առաջանալ նաեւ աղեստամոքսային խանգարումներ, ինչպես, օրինակ, ցելիակիան կամ Կրոնի հիվանդությունը։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ B12 վիտամինի պակասը, եթե այն չվերականգնվի 4 տարվա ընթացքում, հանգեցնում է տարեց մարդկանց դեպրեսիայի։ Խանգարման առաջացման վտանգն ավելանում է 51 տոկոսով։

B12 վիտամինով հարուստ է առաջին հերթին ձուն։ Այդ մթերքը պարունակում է շատ սպիտակուցներ եւ արժեքավոր այլ նյութեր։ Մեկ ձուն պարունակում է B12-ի օրական չափաբաժնի 7 տոկոսը։ Կարելի է օգտագործել նաեւ կաթ. մեկ բաժակ կաթը կարող է ապահովել վիտամինի պահանջի 18 տոկոսը։ Այդ նյութով հարուստ են ծովամթերքները եւ տավարի լյարդը։