Հոտի զգացողության կորուստը կամ հոտերի ընկալման խախտումը համարվում էր կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշներից մեկը համավարակի սկզբնական փուլերում։ Փորձելով հասկանալ COVID-19-ի ժամանակ հոտի զգացողության հետ կապված խնդիրները՝ հետազոտողները նաեւ ուսումնասիրել են ուղեղի ներքին հյուսվածքները:
Ինչպես պարզվել է, վիրուսով վարակվելը կապված է ուղեղի այն հատվածի վնասման հետ, որը վերահսկում է հոտառությունը։ Գիտնականներն այս եզրակացությունն արել են՝ հիմնվելով COVID-19-ից 23 մահացած հիվանդների ուսումնասիրության վրա, որոնց համեմատել են վերահսկիչ խմբի հետ՝ 14 հոգուց, որոնք COVID-19-ից չեն մահացել:
«Որոշ դեպքերում ապշեցուցիչ անօքսիկ պաթոլոգիան ցույց է տալիս, որ COVID-19-ի դեպքում հոտառական դիսֆունկցիան կարող է ծանր եւ մշտական լինել։ Արդյունքները վկայում են, որ Covid-ի հետեւանքով վնասվածքը կարող է դուրս գալ քթի խոռոչից եւ ազդել ուղեղի վրա։ Մենք ուզում էինք մեկ քայլ առաջ գնալ, որպեսզի տեսնենք, թե ինչպես է Covid-ի վարակն ազդում հոտառության վրա»,- գրել է հետազոտության առաջատար հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր, Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի դոցենտ Չենգ-Ին Հոն:
Ուղեղի, թոքերի եւ այլ օրգանների հետմահու հյուսվածքից նմուշներ են վերցվել՝ անալիզի համար: Արդյունքները արյան բջիջների եւ աքսոնների (մալուխ, որն իմպուլսներ է փոխանցում նեյրոնների միջեւ) մեծ վնասվածություն են ցույց տվել կորոնավիրուսով պացիենտների ուղեղում:
Թիմը նաեւ պարզել է, որ աքսոնների վնասվածքը մոտ 60 տոկոսով ավելի արտահայտված է եղել COVID-19-ով պացիենտների մոտ, մինչդեռ մանրադիտակային արյունատար անոթների վնասումն այս հիվանդների մոտ 36 տոկոսով ավելի ծանր է եղել:
Գիտնականների խոսքով՝ որոշ պացիենտների մոտ աքսոնների վնասվածքը ցույց է տալիս, որ COVID-19-ի հետեւանքով առաջացած հոտի կորուստը կարող է ծանր եւ անդառնալի լինել:






