Օրական մի քանի բաժակ սուրճը՝ շաքարով կամ առանց շաքարի, նվազեցնում է մահվան վտանգը, պարզել են գիտնականները Annals of Internal Medicine-ում հրապարակված նոր հետազոտության տվյալներով:
Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ, որոնք ամեն օր չափավոր քանակությամբ սուրճ են խմում՝ սովորական կամ մոտ մեկ թեյի գդալ շաքարով քաղցրացրած, յոթ տարվա ընթացքում որեւէ պատճառով գրեթե 30 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն մահանալու, համեմատած նրանց, ովքեր սուրճ չեն խմում։
Հետազոտությանը մասնակցել է 171616 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 55,6 տարի: Ընդ որում, հետազոտության ժամանակ մասնակիցները սրտանոթային հիվանդություններ կամ քաղցկեղ չեն ունեցել։
Մասնակիցներին առաջարկվել է մեկ տարվա ընթացքում՝ 2009 թվականի ապրիլից մինչեւ 2012 թվականի հունիսը, հինգ անգամ լրացնել սննդակարգի 24-ժամյա հարցաշար, որը ներառել է հարցեր սուրճի օգտագործման հաճախականության եւ շաքարի քանակի վերաբերյալ, եթե այն օգտագործվել է: Մահացության մասին տվյալները մինչեւ 2018 թվականի փետրվարի 25-ը ստացվել են մահվան վկայականներից։
Հետազոտության յոթ տարվա ընթացքում գրանցվել է 3177 մահ, այդ թվում՝ 1725 մահ՝ քաղցկեղից եւ 628 մահ՝ սրտանոթային հիվանդություններից:
Գիտնականները պարզել են, որ ընդհանուր առմամբ, այն մարդիկ, ովքեր ցանկացած քանակությամբ ոչ քաղցր սուրճ են խմել, որեւէ պատճառով նրանց մահվան հավանականությունն ավելի քիչ է եղել, քան այն մարդիկ, ովքեր սուրճ չեն խմել: Շաքարով կամ առանց շաքարի օրական 1 1/2-ից 3 1/2 բաժակ սուրճ խմող մարդկանց մահանալու հավանականությունը 29-31 տոկոսով ավելի քիչ է եղել, քան սուրճ չխմողներինը։






