Երբ առավոտյան արթնանում եք եւ գնում խոհանոց՝ նախաճաշ պատրաստելու, գուցե փորձում եք դրա մեջ այնպիսի օգտակար մթերքներ ընդգրկել, ինչպիսին են վարսակի փաթիլները եւ մրգերը, որպեսզի ապահովեք ձեզ սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմը հիանալի վիճակում պահելու համար, եւ էներգիայով, որն անհրաժեշտ է ձեզ օրվա ընթացքում։

Միեւնույն ժամանակ, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նախաճաշին ձվի ավելացումը կարող է օգնել ձեզ՝ պաշտպանել սիրտը։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են eLife ամսագրում, 30-79 տարեկան 4 778 մասնակցի (նախկինում սիրտ-անոթային հիվանդություններ չունեցած 1 377, դրանցից տառապող 3 401 մարդ) հարցրել են, թե ինչ հաճախակիությամբ են նրանք ձու, ինչպես նաեւ այլ մթերքներ՝ բրինձ, միս եւ բանջարեղեններ կերել։

Երբ հետազոտության հեղինակները ստուգել են մասնակիցների արյունը, հայտնաբերել են, որ մշտապես ձու օգտագործողների օրգանիզմում ավելի շատ է եղել ապոլիպոպրոտեին A1, որը կարող է հանգեցնել բարձր ամրության լիպոպրոտեինի մոլեկուլների գոյացման. դրանք օգնում են կանխել սրտի եւ ուղեղի կաթվածները։

Բացի այդ, սննդաբաժնում ձու ներառողների մոտ ավելի քիչ են եղել մետաբոլիտներ՝ կապված սրտի հիվանդությունների հետ։

«Մեր արդյունքներն ընդհանուր առմամբ պոտենցիալ բացատրություն են տալիս, թե ինչպես է ձվի չափավոր օգտագործումը օգնում պաշտպանվել սրտային հիվանդություններից»,- ասել է հետազոտության հեղինակ, Պեկինի համալսարանի համաճարակաբանության եւ կենսաստատիստիկայի ամբիոնի դոցենտ Կանցին Յուն։

Միեւնույն ժամանակ, Յուն նշել է, որ «անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ լիպիդային մետաբոլիտների պատճառահետեւանքային դերի հաստատման համար՝ ձվի օգտագործման եւ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականության միջեւ կապը պարզելու առումով»։