Առեղծվածային ծագում ունեցող մահաբեր համավարակ. գուցե ժամանակակից վերնագիր է հիշեցնում, բայց գիտնականները հարյուրամյակներ են ծախսել Սեւ մահվան աղբյուրը պարզելու համար, որն ամայացրել է միջնադարյան աշխարհը։
Նոր հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են Ղրղըզստանի շրջաններից մեկի հնագույն գերեզմանատեղիի մնացորդների ԴՆԹ-ն։
«Մեզ հաջողվեց փաստորեն վերջ դնել Սեւ մահվան ծագման մասին միջնադարյան բոլոր վեճերին»,- ասել է հետազոտողների խմբի անդամ, պատմաբան Ֆիլիպ Սլավինը, որի աշխատանքը չորեքշաբթի հրապարակվել է Nature ամսագրում։
Սեւ մահը համավարակի սկզբնական ալիքն էր, որը տեւել է մոտ 500 տարի։ Ութ տարվա ընթացքում՝ 1346-1353թթ., այն սպանել է, ըստ որոշ գնահատականների, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի բնակչության 60 տոկոսին։
Շոտլանդիայի Սթիռլինգի համալսարանի դոցենտ Սլավինը մշտապես հետաքրքրվել է Սեւ մահով եւ դրա մասին հուշում գտել 1890թ. աշխատությունում, որը նկարագրում էր ժամանակակից Ղրղըզստանի տարածքում գտնվող հնագույն գերեզմանատեղին։
Հետազոտողները վերցրել են այդտեղ թաղված յոթ մարդու ԴՆԹ նրանց ատամներից, ասել է Թյուբինգենի համալսարանի հետազոտող, հետազոտության հեղինակ Մարիա Սպիրուն։
Քանի որ ատամները բավական շատ արյունատար անոթներ են պարունակում, դրանք հետազոտողներին «արյան միջոցով փոխանցվող պաթոգեններ հայտնաբերելու մեծ հնարավորություն են տալիս. այդ պաթոգենները կարող էին մարդկանց մահվան պատճառ հանդիսացած լինել»,- ասել է Սպիրուն AFP գործակալությանը։
Սեքվենավորումից հետո ԴՆԹ-ն համեմատվել է գենոմների հազարավոր միկրոբներ պարունակող տվյալների շտեմարանի հետ։
«Համընկնումներից մեկը, որը մենք կարողացանք ստանալ... համընկնումն էր Yersinia pestis-ի համար, որն ավելի շատ հայտնի է որպես ժանտախտ»,- ասել է Սպիրուն։
ԴՆԹ-ն նաեւ ցույց է տվել «բնութագրական ախտահարումներ», ավելացրել է նա՝ ցույց տալով, որ «մենք գործ ունենք վարակի հետ, որով հնագույն մարդը վարակված է եղել իր մահվան ժամանակ»։
Սեւ մահվան սկիզբը կապում են այսպես կոչված «Մեծ պայթյունի» հետ, երբ կրծողների վրայի տզերի միջոցով փոխանցվող ժանտախտի գոյություն ունեցող շտամները հանկարծ դիվերսիֆիկացվել էին։
Գիտնականների կարծիքով՝ դա կարող էր տեղի ունենալ արդեն 10-րդ դարում, բայց ճիշտ ժամանակը որոշել նրանք չեն կարողացել։
Հետազոտական խումբը վերակառուցել է Yersinia pestis-ի գենոմն ըստ նմուշների եւ հայտնաբերել, որ շտամը գերեզմանատեղիում գոյություն է ունեցել մինչեւ դիվերսիֆիկացումը։
Պարզվել է, որ ներկայում այդ շրջանում ապրող կրծողները նույնպես կրում են այդ նույն հնագույն շտամը, ինչն օգնել է գիտնականներին եզրակացնել, որ «Մեծ պայթյունը» պետք է տեղի ունեցած լիներ ինչ-որ տեղ այս շրջանում, մինչեւ Սեւ մահը, կարճ ժամանակաընթացքում։






