Կանայք, որպես կանոն, տղամարդկանցից ավելի երկար են ապրում, սակայն հիվանդությունների ավելի բարձր ցուցանիշներ ունեն, նշում են գիտնականները։
Ջորջիայի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունների այս բարձր ցուցանիշները կարող են բարելավվել ավելի որակյալ սնվելու` պիգմենտային կարոտինոիդներով հարուստ (քաղցր կարտոֆիլ, կաղամբ, սպանախ, ձմերուկ, բուլղարական պղպեղ, լոլիկ, նարինջ եւ գազար) մթերքներ օգտագործելու դեպքում: Այս վառ գույնի մրգերն ու բանջարեղենը հատկապես կարեւոր են տեսողության եւ ճանաչողական ունակությունների կորստի կանխարգելման համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition Neuroscience ամսագրում։
Ուսումնասիրությունը, որը վերանայել եւ վերլուծել է նախորդ հետազոտությունների տվյալները, դիտարկում է մի քանի դեգեներատիվ հիվանդություններ՝ աուտոիմուն հիվանդություններից մինչեւ դեմենցիա, որոնք, նույնիսկ կյանքի տեւողության տարբերությունը հաշվի առնելու դեպքում շատ ավելի տարածված են կանանց, քան տղամարդկանց մոտ: «Եթե վերցնենք բոլոր աուտոիմուն հիվանդությունները, ապա կանանց բաժին է ընկնում դրանց գրեթե 80 տոկոսը: Այսպիսով, այս խոցելիության պատճառով, որն անմիջականորեն կապված է կենսաբանության հետ, կանայք լրացուցիչ կանխարգելման կարիք ունեն»,- ասում են հետազոտողները։
Այս խոցելիության պատճառներից մեկը կապված է այն բանի հետ, թե ինչպես են կանայք վիտամիններ եւ հանքանյութեր կուտակում իրենց օրգանիզմում: Գիտնականները նշում են, որ կանայք միջինը ավելի շատ ճարպ ունեն, քան տղամարդիկ։ Ճարպը ծառայում է որպես սննդային շատ վիտամինների եւ հանքանյութերի օգտակար պաշար, հատկապես հղիության ընթացքում: Սակայն այդ պաշարը նշանակում է, որ ցանցաթաղանթը եւ ուղեղը ստանում են ավելի քիչ վիտամիններ, ինչը մեծացնում է կանանց դեգեներատիվ հիվանդությունների ռիսկը:
Պիգմենտային կարոտինոիդների դիետիկ օգտագործումը մարդկանց համար գործում է որպես հակաօքսիդանտներ: Երկու կոնկրետ կարոտինոիդներ՝ լյուտեինը եւ զեաքսանտինը, պարունակվում են աչքի եւ ուղեղի որոշ հյուսվածքներում եւ դրանք ուղղակիորեն շտկում են կենտրոնական նյարդային համակարգի դեգեներացիան:
«Տղամարդիկ եւ կանայք օգտագործում են այդ կարոտինոիդների մոտավորապես նույն քանակությունը, սակայն կանանց կարիքները շատ ավելի մեծ են»,- ընդգծում են հետազոտության հեղինակները։
Կարոտինոիդները հասանելի են նաեւ հավելումների տեսքով: Ու թեեւ լյուտեինի եւ զեաքսանտինի հավելումները դրանց օգտագործման եղանակներից են, ըստ գիտնականների, դրանք սննդի միջոցով ստանալը շատ ավելի լավ ռազմավարություն է:






