Աղիների մանրէները կապված են ինչպես լավ առողջության, այնպես էլ այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են աուտոիմուն խանգարումները, աղիների բորբոքային հիվանդությունները, նյութափոխանակության համախտանիշը եւ նույնիսկ նյարդահոգեբուժական խանգարումները:

Այս արդյունքների հայտնի բացատրություններից մեկը, այսպես կոչված, «ծակ աղիքների» վարկածն է, որի դեպքում պոտենցիալ վնասակար բակտերիաները կարող են հեռանալ աղիքից՝ առաջացնելով քրոնիկ բորբոքային պատասխան, որը կարող է նպաստել տարբեր հիվանդությունների առաջացմանը:

Սակայն առեղծվածներից մեկն այն է, թե ինչպես պոտենցիալ պաթոգեն բակտերիաները կարող են գոյություն ունենալ առողջ մարդկանց մեջ տասնամյակներ շարունակ՝ առանց առողջության համար տեսանելի հետեւանքների:

Նոր հետազոտության ընթացքում Յեյլի համալսարանի մի խումբ գիտնականներ նոր պատկերացումներ են տալիս այս առեղծվածի վերաբերյալ: Nature ամսագրում հետազոտողները նկարագրել են, թե ինչպես կարող են աղիքային բակտերիաները ժամանակի ընթացքում զարգանալ՝ դառնալով ավելի պաթոգեն՝ ձեռք բերելով աղիքային պատնեշի միջով գաղթելու եւ աղիքից դուրս գտնվող օրգաններում մնալու ունակություն՝ դրանով իսկ առաջացնելով քրոնիկ բորբոքում եւ հարակից պաթոլոգիաներ:

Որպես հետազոտության մի մաս, Յելի համալսարանի թիմն ուսումնասիրել է պոտենցիալ պաթոգեն բակտերիաների տեսակների գենետիկան եւ վարքագիծը, որը նրանք ներմուծել են մանրէազերծ մկների օրգանիզմ, մի տեսակ, որը չունի աղիքներում սեփական մանրէներ: Ժամանակի ընթացքում նրանք պարզել են, որ այս մանրէները բաժանվում են երկու տարբեր պոպուլյացիաների՝ մեկը իրեն պահում էր ինչպես նախնիների շտամ, իսկ մյուսը ձեռք է բերում ԴՆԹ-ի փոքր մուտացիաներ, որոնք թույլ են տալիս նրանց ապրել աղիների լորձաթաղանթում եւ պահպանվել ավշային հանգույցներում ու լյարդում՝ աղիքից դուրս գալուց հետո:

Ի տարբերություն ավանդական պաթոգենների, որոնք արագորեն մաքրվում են իմունային համակարգի կողմից, արտագաղթող բակտերիաների այս փոքր գաղութները մնում են օրգաններում կիսաթաքնված եւ կարող են վրիպել իմունային համակարգի ուշադրությունից՝ գոնե ժամանակավորապես: Այնուամենայնիվ, հեղինակները պարզել են, որ դրանց առկայությունը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել բորբոքային պաթոլոգիաներ, ինչպիսիք են աուտոիմուն հիվանդությունները: Այս երեւույթը կարող է գոնե մասամբ բացատրել, թե ինչու պոտենցիալ պաթոգեն բակտերիաներով որոշ մարդիկ երբեք չեն հիվանդանում, բայց ինչու է հիվանդության ռիսկը մեծանում տարիքի հետ, ասում են գիտնականները: