Ամեն շաբաթ նույնիսկ մեկ ժամ՝ օրական 10 րոպե, քայլելը կարող է օգնել երկարացնել տարեցների կյանքը, ասվում է Սեուլի Ինջե համալսարանի Սանգյե Պեկ հիվանդանոցի հարավկորեացի գիտնականների նոր հետազոտության մեջ:

Նրանք պարզել են, որ 80 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ, ովքեր շաբաթական առնվազն մեկ ժամ քայլում են, մահացության եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 40 տոկոսով ավելի ցածր է:

Ընդ որում, քայլելը կապված էր տարեց մարդկանց կյանքի երկարացման հետ՝ անկախ նրանից՝ նրանք չափավոր, թե բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվությամբ էին զբաղված։

Մեծահասակներին, անկախ տարիքից, շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ինտենսիվության կամ շաբաթական 75 րոպե ակտիվ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն է խորհուրդ տրվում։ Սակայն տարիքի հետ նստակյաց աշխատանքի ժամանակը, որպես կանոն, մեծանում է, քանի որ ֆիզիկական ակտիվությունը նվազում է:

Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտության մեջ առանձին ասվում է փոքր-ինչ ավելի երիտասարդ տարիքի՝  59-ից 82 տարեկան մարդկանց համար քայլելու եւ ֆիզիկական ակտիվության այլ տեսակների առավելությունների մասին՝:

JAMA Network Open ամսագրում հրապարակված NCI-ի հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց մարդկանց մոտ, ովքեր քայլում կամ այլ ֆիզիկական գործողություններով են զբաղվում՝ վազք, թենիս, մահանալու ռիսկը կարող է ավելի ցածր լինել, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից:

Հետազոտողների կարծիքով՝ ցանկացած համակցությամբ այդ վարժությունների կատարումը կապված է ցանկացած պատճառով մահվան ռիսկի 13 տոկոսով նվազման հետ։

Մինչ ռակետային սպորտը կապված էր սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկի ամենամեծ կրճատման հետ՝ 27 տոկոս, վազքը կապված էր քաղցկեղից մահացության ռիսկի ամենամեծ նվազման հետ՝ 19 տոկոս: