Գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է պարզել այն մեխանիզմը, որի օգնությամբ  օդի աղտոտվածությունն առաջ է բերում չծխող մարդկանց թոքերի քաղցկեղ։

Այս հետազոտությունը ցույց է տվել մանրագույն մասնիկների վտանգավորությունն  առողջության համար, որոնք առաջանում են հանածո վառելիքի այրման ժամանակ։ Գիտնականները կոչ են արել դիմել ավելի արագ միջոցների կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

Բրիտանական Ֆրենսիս Քրիկի ինստիտուտի հետազոտող Չառլզ Սուոնթոնի խոսքով՝  կարող է նոր ճանապարհ բացվել քաղցկեղի կանխման ոլորտում։

Սուոնթոնը ներկայացրել է հետազոտության արդյունքները (որոնք դեռեւս չեն հրապարակվել գրախոսվող ամսագրում) Փարիզում, բժշկական օնկոլոգիայի եվրոպաան ընկերության ամենամյա համաժողովում։

Վաղուց ընդունված է կարծել, որ օդի աղտոտվածությունը կապված է երբեք չծխած մարդկանց համար թոքերի քաղցկեղի առաջացման բարձր հավանականության հետ։

«Բայց մենք չգիտեինք՝ արդյո՞ք   օդի աղտոտվածությունը թոքերի քաղցկեղի անմիջական պատճառ է, եւ ինչպե՞ս»,- ասել է Սուոնթոնը AFP գործակալությանը։

Ընդունված է կարծել, որ ծխախոտի ծխի կամ շրջակա միջավայրի աղտոտվածության մեջ պարունակվող քաղցկեղածինների ազդեցությունն առաջ է բերում ԴՆԹ-ի մուտացիաներ, որոնք հետո վերածվում են քաղցկեղի։

Բայց այս մոդելում կա «անհարմար ճշմարտություն», ասել է Սուոնթոնը. նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ԴՆԹ-ի մուտացիաները կարող են առկա լինել՝ քաղցկեղ չառաջացնելով, եւ որ շրջակա միջավայրի քաղցկեղածինների մեծ մասը մուտացիաներ չի առաջացնում։

Ֆրենսիս Քրիկի ինստիտուտի եւ Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտական խումբն ուսումնասիրել է ավելի քան 460 000 մարդու տվյալներն Անգլիայում, Հարավային Կորեայում եւ Թայվանում։

Նրանք հայտնաբերել են, որ աղտոտող PM2.5 մանրագույն մասնիկների ներգործությունը, որոնց չափը չի գերազանցում 2,5 միկրոնը, հանգեցնում է մուտացիաների բարձր ռիսկի EGFR գենում։

Մկների վրա իրականացված լաբորատոր հետազոտություններում խումբը ցույց է տվել, որ մասնիկներն առաջ են բերում փոփոխություններ EGFR, ինչպես նաեւ  KRAS գենում, որոնցից յուրաքանչյուրը կապված է թոքերի քաղցկեղի հետ։