Տորոնտոյի եւ Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից կատարված նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Child Development ամսագրում, ցույց է տալիս, որ տարիքի հետ երեխաներն ավելի թերահավատ են դառնում այն ամենի նկատմամբ, ինչ ասում են մեծահասակները:

Առաջին հետազոտությանը, որն իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 4-6 տարեկան 109 երեխա:

Երեխաներին ներկայացվել են երեք ծանոթ առարկաներ՝ քար, սպունգի նման նյութի մի կտոր, խաղի համար պարկ: Սկզբում փորձն անողը երեխաներին հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, այս քարը պի՞նդ է, թե՞ փափուկ»:

Բոլոր երեխաները պատասխանել են, որ քարը պինդ է։ Այնուհետեւ երեխաներին պատահական կարգով ասել են մի բան, որը հակասում էր աշխարհի մասին նրանց պատկերացումներին («Այս քարն իրականում փափուկ է, ոչ թե պինդ») կամ ինչ-որ բան, որը հաստատել է նրանց ինտուիցիան («Ճիշտ է՝ այս քարը պինդ է»):

Այս պնդումներից հետո բոլոր երեխաներին կրկին հարցրել են. «Եվ այսպես, ի՞նչ ես կարծում, այս քարը պի՞նդ է, թե՞ փափուկ»։ Գրեթե բոլոր երեխաները, լսելով այն պնդումները, որոնք համապատասխանել են իրենց համոզմունքներին, շարունակել են նույն դատողությունն անել, ինչ նախկինում՝ քարը պինդ է: Երեխաներից միայն մի քանիսը, որոնց ասել են, որ քարը փափուկ է, շարունակել են արտահայտել իրենց նախկին դատողությունները: Այնուհետեւ փորձը կատարողը դուրս է եկել սենյակից եւ թողել երեխաներին ինքնուրույն ուսումնասիրել օբյեկտը: Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների մեծ մասը, անկախ տարիքից, մասնակցել է զարմանալի պնդումների փորձարկմանը:

Երկրորդ հետազոտությանը, որն անցկացվել է 2020 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին, մասնակցել է 4-7 տարեկան 154 երեխա։

Փորձի ղեկավարը յուրաքանչյուր երեխայի տվել է ութ թուղթ: Յուրաքանչյուր թղթի վրա գրված է եղել անսպասելի պնդում եւ հարց, թե ինչ պետք է անի մյուս երեխան ի պատասխան այդ պնդման եւ ինչու պետք է դա անի: Պարզվել է, որ ավելի մեծ երեխաները փոքրերից ավելի հաճախ են առաջարկել մեծահասակներին ստուգել պնդումը: Այս արդյունքները վկայում են, որ տարիքի հետ երեխաներն ավելի են գիտակցում իրենց կասկածները մեծահասակների ասածների հանդեպ, եւ նրանց հետազոտումը դառնում է ավելի նպատակաուղղված։