Մարդիկ, որոնք չեն կարող զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, մկանների եւ ոսկրերի թուլություն են զգում, վիճակ, որը հայտնի է որպես հենաշարժողական թուլություն։ Վերջերս ճապոնացի հետազոտողները հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը կարող է օգնել հենաշարժողական ապարատի թուլության բուժմանը՝ առաջ բերելով ֆիզիկական վարժությունների նմանակման էֆեկտ։
Ֆիզիկական ակտիվության բացակայությունը կարող է հանգեցնել մկանների (որը հայտնի է որպես սարկոպենիա) եւ ոսկրերի (օսթեոպարոզ) թուլացման։ Ֆիզիկական վարժությունները վերացնում են այս թերությունները՝ մեծացնելով մկանների ուժն ու նպաստելով ոսկրերի ձեւավորմանը՝ միաժամանակ ճնշելով դրանց ռեզորբցիան։ Սակայն ֆիզիկական թերապիան չի կարող կիրառվել բոլոր կլինիկական դեպքերում։ Սարկոպենիայի եւ օսթեոպարոզի բուժման ժամանակ կարող է օգնել դեղորայքային թերապիան, մանավանդ եթե պացիենտները ցերեբրովասկուլյար հիվանդություններ ունեն, դեմենցիա կամ արդեն գամված են անկողնուն։
Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Bone Research ամսագրում, Տոկիոյի բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են դեղերի սքրինինգի նոր համակարգ՝ պարզելու այն միացությունը, որը նմանակում է մկանների եւ ոսկրերի ֆիզիկական վարժությունների արդյունքում տեղի ունեցող փոփոխությունը։ Օգտագործելով սքրինինգի համակարգը՝ հետազոտողները որոշել են ամինոինդազոլի ածանցյալը՝ լոկամիդազոլը (LAMZ)։ LAMZ-ը ի վիճակի էր խթանել մկանային բջիջների եւ ոսկրաստեղծ բջիջների (օսթեբլաստներ) աճը՝ միաժամանակ ճնշելով ոսկորները քայքայող բջիջների (օսթեոկլաստների) աճը։
Ընդհանուր առմամբ, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ LAMZ-ը պոտենցիալ թերապեւտիկ մեթոդ է ֆիզիկական վարժությունների նմանակմամբ հենաշարժողական ապարատի թուլությունը բուժելու համար։






