Ճարպակալում ունեցող երեխաները եւ դեռահասները քաշի նվազում եւ մետաբոլիկ առողջության բարելավում են ունեցել 12-ամսյա կրթական ծրագրից հետո, որը նրանք անցել են տեսանյութերի հիման վրա։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը ներկայացվել է Մանկաբուժության էնդոկրինոլոգիայի եվրոպական ընկերության ամենամյա 60-րդ հանդիպման ժամանակ, գրել է Medical Xpress-ը։
Ճարպակալումը աճող գլոբալ համաճարակ է՝ կապված առողջական այլ խնդիրների հետ, ներառյալ 2-րդ տեսակի դիաբետը եւ սիրտ-անոթային հիվանդությունները։ Ճարպակալում ունեցող երեխաների եւ դեռահասների շրջանում գոյություն ունի հոգեբանական խնդիրների առաջացման լրացուցիչ ռիսկ՝ կապված ավելորդ քաշի հետ։
Նման ուսուցողական ծրագրերը սովորաբար ապահովում են երկարաժամկետ ամբուլատոր բուժում մշտական պարապմունքների հաճախելու միջոցով, որոնք ուղղված են սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության փոփոխմանը, ինչպես նաեւ երեխաներին եւ նրանց ընտանիքներին հոգեբանական խորհրդատվության ապահովմանը։ COVID-19 համավարակի ժամանակ մտցված սահմանափակումները նոր խնդիրներ են ստեղծել ճարպակալում ունեցող պացիենտների բուժման համար եւ նոր մոտեցում են պահանջել։
Այս հետազոտությունում դոկտոր Ֆելիքս Ռեշկեն եւ նրա գործընկերները Գերմանիայից 12 ամսվա ընթացքում ուսումնասիրել են քաշի նվազման տեսածրագրի արդյունավետությունը 108 երեխայից եւ դեռահասից բաղկացած խմբում (17 տարեկան)։ Այս համալիր ծրագիրը ներառում էր կրթական սեմինարներ եւ կատարելագործման դասընթացներ սննդամթերքների ընտրման, սննդի պատրաստման եւ սննդաբաժինների վերահսկման վերաբերյալ, ինչպես նաեւ ավելի բարդ թեմաների մասին պարապմունքներ, ինչպիսին են հույզերը սնվելիս եւ ճարպակալման հետեւանքներն առողջության համար։
Կրթական կոնտենտը լրացվում էր խոհարարական դասընթացներով, ամենշաբաթյա տեղեկատվական գրքույկներով, որոնք պարունակում էին խորհուրդներ եւ ակտուալ նորություններ եւ անգամ պարեր։
Հետազոտության ավարտին լավացել էր մասնակիցների մեծ մասի մետաբոլիկ առողջությոնը, նվազել էր մարմնի զանգվածի ինդեքսը, իջել արյան մեջ լիպիդների մակարդակը, նվազել էին ինսուլինի հանդեպ ռեզիստենտության հետ կապված գործոնները։ Մասնակիցները նաեւ սկսել էին ավելի լավ ընտրել սննդամթերքները՝ փոքրացնելով սննդաբաժինն ու ավելի քիչ ուտելով։






