Քանի որ Կալիֆորնիայում անտառային հրդեհները դառնում են ավելի ինտենսիվ, հաճախակի եւ ավելի մեծ, շատ երեխաներ, ովքեր վերապրում են դրանք, երկարատեւ հոգեբանական վնասվածքներ են ունենում, ինչպիսիք են անհանգստությունը, դեպրեսիան եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը: Երեխաները կարող են նաեւ խնդիրներ ունենալ քնի կամ ուշադրության հետ, ինչպես նաեւ՝ դժվարություններ դպրոցում:
Չվերահսկվելու դեպքում հուզական տրավման կարող է ազդել նրանց ֆիզիկական առողջության վրա՝ հանգեցնելով քրոնիկական առողջական խնդիրների, հոգեկան հիվանդության եւ թմրամիջոցների օգտագործման:
Համաձայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կողմից հրապարակված ուսումնասիրության՝ ԱՄՆ-ում տարեկան մոտ 7,4 միլիոն երեխա տուժում է անտառային հրդեհների ծխից, որը ոչ միայն ազդում է շնչառական համակարգի վրա, այլեւ կարող է նպաստել ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության, աուտիզմի, վատ ակադեմիական առաջադիմություն եւ հիշողության խնդիրների:
Երեխաները կարող են տարբեր կերպ արձագանքել տրավմաներին՝ կախված իրենց տարիքից: Փոքր երեխաները կարող են անհանգստություն եւ վախ զգալ: Ավելի մեծ երեխաները կարող են ընկճված լինել եւ միայնակության զգացում ունենալ, նրանց մոտ կարող է զարգանալ ուտելու խանգարումներ կամ ինքնավնասող վարքագիծ, բացի այդ կարող են սկսել ալկոհոլ կամ թմրանյութեր օգտագործել:
«Երբ ունես երեխաներ, ովքեր առնչվել են տարհանման, կյանքի կորստի, ունեցվածքի ամբողջական ոչնչացման, շատ կարեւոր է, որ նրանք սոցիալական աջակցություն ստանան», - ասել է Երեխաների վնասվածքաբանության ազգային կենտրոնում ահաբեկչության եւ աղետների կառավարման ծրագրերի տնօրեն Մելիսա Բրայմերը:
Նա նշել է, որ երեխաներին անհրաժեշտ են նաեւ սթրեսի կառավարման գործիքներ, որոնք կօգնեն հանգիստ մնալ:






