2022-ի հուլիսին Science ամսագիրը հայտնել է, որ Nature-ում հրապարակված 2006 թ. հիմնական հետազոտությունը, որը որպես Ալցհեյմերի հիվանդության պատճառ նշում է ուղեղի սպիտակուցի ենթատեսակը, որը կոչվում է ամիլոիդ բետա, կարող է հիմնված լինել կեղծ տվյալների վրա:

Տարիներ շարունակ գիտնականները փորձել են Ալցհեյմերի բուժման նոր միջոցներ մշակել՝ կանխելով բետա-ամիլոիդ կոչվող սպիտակուցի՝ գլխուղեղը վնասող կուտակումների ձեւավորումը:

Սակայն այդ նվիրվածությունն ամիլոիդ բետա-ի հետազոտմանն օգտակար դեղամիջոցի կամ թերապիայի չի հանգեցրել, գրում է քիմիայի պրոֆեսոր Դոնալդ Ուիվերը Տորոնտոյի համալսարանից։

Պրոֆեսոր Ուիվերի լաբորատորիան Ալցհեյմերի հիվանդության նոր տեսություն է մշակում, որը վերջերս նկարագրվել էր Alzheimer's & Dementia: Translational Research & Clinical Interventions ամսագրում:

Գիտնականներն Ալցհեյմերի հիվանդությունն այլեւս գլխուղեղի հիմնական հիվանդություն չեն համարում: «Մենք ավելի շուտ կարծում ենք, որ Ալցհեյմերի հիվանդությունն ուղեղի իմունային համակարգի խանգարում է»,- նշել է պրոֆեսորը:

Իմունային համակարգը, որն առկա է յուրաքանչյուր օրգանում, բջիջների հավաքածու է, որոնք օգնում են վերականգնել վնասը եւ պաշտպանել օտար զավթիչներից:

Ճիշտ նույն պրոցեսները տեղի են ունենում ուղեղում։ Երբ գլխի վնասվածք է տեղի ունենում, ուղեղի իմունային համակարգը սկսում է ակտիվանալ՝ վերականգնմանն օգնելու համար: Երբ ուղեղում բակտերիաներ են հայտնվում, իմունային համակարգը պատրաստ է հակահարված տալ:

«Մենք կարծում ենք, որ բետա-ամիլոիդը ոչ թե անոմալ արտադրվող սպիտակուց է, այլ՝ ավելի շուտ նորմալ գործող մոլեկուլ, որն ուղեղի իմունային համակարգի մի մասն է: Երբ ուղեղի վնասվածք է տեղի ունենում կամ երբ ուղեղում բակտերիաներ են առկա, բետա-ամիլոիդն առանցքային ներդրում է ունենում ուղեղի բարդ իմունային պատասխանի մեջ։ Բակտերիալ թաղանթները եւ ուղեղի բջիջների թաղանթները կազմող ճարպային մոլեկուլների ապշեցուցիչ նմանությունների պատճառով բետա-ամիլոիդը չի կարողանում տարբերել ներխուժող բակտերիաներն ուղեղի բջիջներից եւ սխալմամբ հարձակվում է ուղեղի բջիջների վրա, որոնք պետք է պաշտպանի: Դա ի վերջո հանգեցնում է դեմենցիայի, քանի որ մեր օրգանիզմի իմունային համակարգը չի կարող տարբերել բակտերիաներն ուղեղի բջիջներից: Թեեւ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոցներն Ալցհեյմերի հիվանդության դեմ  կարող են չաշխատել, մենք խորապես հավատում ենք, որ ուղեղում իմունային կարգավորող այլ ուղիների թիրախավորումը մեզ այս հիվանդության բուժման արդյունավետ մոտեցումների կբերի»,- նշել է պրոֆեսոր Ուիվերը: