Յուրաքանչյուր հինգերորդ մարդը, որը սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) է ապրել սրտի կանգից հետո, կարող է նկարագրել մահվան գիտակցված ապրումները, ասել են Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները ներկայացվել են վերակենդանացման մասին Սրտաբանական ամերիկյան ասոցիացիայի գիտական սիմպոզիումի ժամանակ, 2022 թվականի նոյեմբերի 6-ին:

Հետազոտությանը մասնակցել են 567 տղամարդիկ եւ կանայք, որոնք հոսպիտալացման ընթացքում սրտի կանգ են ունեցել եւ որոնց ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ՍԹՎ է արվել 2017 թվականի մայիսից մինչեւ 2020 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը հայտնել է հազվագյուտ գիտակցված ապրումների մասին, ներառյալ մարմնից անջատված զգալը, իրադարձություններին առանց ցավի կամ տառապանքների կարծես կողքից հետեւելը, եւ կյանքի իմաստավորված գնահատումը, ներառյալ ուրիշների հանդեպ իր գործողությունների, մտադրությունների եւ մտքերի գնահատումը: Հետազոտողները պարզել են, որ մահվան այս ապրումները տարբերվում են հալյուցինացիաներից:

Աշխատանքը ներառել է նաեւ ուղեղի թաքնված ակտիվության թեստեր: Հիմնական հայտնագործությունը ուղեղի ակտիվության պոռթկումների հայտնաբերումն է եղել, ներառյալ, այսպես կոչված, գամմա, դելտա, թետա, ալֆա եւ բետա ալիքները, մինչեւ մեկ ժամ ՍԹՎ-ից հետո: Ուղեղային այս ալիքներից մի քանիսը սովորաբար առաջանում են, երբ մարդիկ գիտակից են եւ կատարում են ավելի բարձր գործառույթներ, ներառյալ մտածողությունը եւ գիտակցված ընկալումը:

«Այս հիշողությունները եւ ուղեղի ալիքների փոփոխությունները կարող են լինել, այսպես կոչված, մահամերձ փորձի առաջին նշանները, եւ մենք առաջին անգամ դրանք գրանցել ենք մեծ հետազոտության մեջ: Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ լինելով մահվան շեմին եւ կոմայի մեջ՝ մարդիկ յուրահատուկ ներքին գիտակցական փորձ են ապրում»,- նշել են գիտնականները։