Լաբորատորիայում աճեցված էրիթրոցիտները աշխարհում առաջին կլինիկական փորձարկման շրջանակում փոխներարկվել են կամավորականների, փորձարկումն ուղղված է մանգաղաձեւ-բբջային սակավարյունություն եւ թալասեմիա ունեցող պացիենտների բուժման բարելավմանը։
Երկու առողջ կամավորականի Restore հետազոտության շրջանակում փոխներարկել են լաբորատորիայում աճեցված էրիթրոցիտներ։ Հետազոտությունը համատեղ իրականացրել են Բրիսթոլի համալսարանը եւ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության արյան փոխներարկման եւ փոխպատվաստման դեպարտամենտը (NHS Blood and Transplant)։ Որեւէ բացասական կողմնակի ազդեցության մասին չի տեղեկացվել։
«Սա լաբորատորիայում ստեղծված արյան փոխներարկման առաջին դեպքն է, եւ մենք ուրախ ենք կլինիկական հետազոտության արդյունքների միջոցով տեսնել, թե որքան լավ են բջիջներն աշխատում»,- մեկնաբանել է Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Էշլի Թոյեն, որը մասնակցել է հետազոտությանը։
Լաբորատոր արյունը երկու պոտենցիալ կարճաժամկետ առավելություն ունի։ Նախ՝ այս մոտեցումը կարող էր լուծել դոնորների անբավարարության խնդիրը արյան հազվադեպ խումբ ունեցող մարդկանց համար (ինչպիսին են մանգաղաձեւ-բջջային սակավարյունություն եւ թալասեմիա ունեցող պացիենտները), որոնք մշտական փոխներարկման կարիք ունեն։
Երկրորդ՝ սպասվում է, որ լաբորատորիայում աճեցված արյան բնութագրերը կգերազանցեն դոնորական նյութը։ Արյան կարմիր մասնիկների ծառայության ժամկետը մոտ 120 օր է, եւ սովորական դոնորական արյունը պարունակում է տարբեր տարիքի բջիջներ։ Միեւնույն ժամանակ, լաբորատորիայում աճեցված արյան բոլոր բջիջները թարմ են, ուստի դրանք պետք է ավելի լավ աշխատեն եւ ավելի երկար ծառայեն։
Սա կարող էր նվազեցնել փոխներարկումների հաճախականությունը եւ օգնել խուսափել երկաթով ծանրաբեռնումից՝ բարդություն, որը կապված է կրկնվող փոխներարկումների հետ։
Արյան այնպիսի հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսին է թալասեմիան կամ մանգաղաձեւ-բջջային սակավարյունությունը, կախված են արյան մշտական փոխներարկումներից կամ էրիթրոցիտների փոխանակումից։ Ոմանց պահանջվում է արյան 12 միավոր չորսից վեց շաբաթը մեկ։
Լաբորատորիայում աճեցված արյունն արտադրվում է հասուն ցողունային բջիջներից, որոնք վերցվել են դոնորական արյունից։ Ցողունային բջիջները տեղադրվում են սնուցող լուծույթի մեջ՝ 18-21 օրով, ինչը խթանում է բջիջների բազմացումն ու վերածումն ավելի հասուն բջիջների։ Բջիջները նշվում են ինդիկատորով, որը թույլ է տալիս հայտնաբերել դրանք հետազոտության մասնակիցների արյան նմուշներում՝ բջիջների առաջնային ներարկումներից հետո վեց ամսում։
Ակնկալվում է, որ առնվազն 10 մասնակից կստանա երկու ոչ մեծ ներարկում՝ չորս ամսից ոչ պակաս միջակայքով. մեկը կներառի ստանդարտ դոնորական նյութ, երկրորդը՝ լաբորատորիայում աճեցված բջիջներ։
Գիտնականներն այս կերպ պատրաստվում են պարզել, թե կպահպանվեն արդյոք լաբորատորիայում ստացված երիտասարդ էրիթրոցիտներն օրգանիզմում ստացված էրիթրոցիտներից ավելի երկար։






