ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) հավանություն է տվել շնչառական սինցիտիալ վիրուսի (RSV) դեմ աշխարհում առաջին պատվաստանյութին։ GlaxoSmithKline (GSK) ընկերության Arexvy դեղամիջոցը նախատեսված է 60 եւ բարձր տարիքի անձանց ստորին շնչուղիների հիվանդությունների կանխարգելման համար։
«RSV-ի դեմ առաջին պատվաստանյութի այսօրվա հավանությունը հանրային առողջապահության կարեւոր ձեռքբերումն է այն հիվանդության կանխման գործում, որը կարող է վտանգավոր լինել կյանքի համար»,- ասել է FDA-ի ներկայացուցիչ, բժիշկ Փիտեր Մարքսը, տեղեկացրել է GSK-ն։
Պատվաստանյութը հավանության է արժանացել երրորդ փուլի շարունակվող կլինիկական փորձարկման հիման վրա։ Փորձերի տվյալների համաձայն՝ պատվաստանյութի արդյունավետությունը սիմպտոմատիկ վարակի իջեցման գործում 60 եւ բարձր տարիքի անձանց մոտ կազմում է 82,6 տոկոս։ Պատվաստանյութը նաեւ 94 տոկոսով արդյունավետ է եղել լուրջ հիվանդությունների վտանգը նվազեցնելու գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Նոր Անգլիայի բժշկական ամսագրում։
Պատվաստման կողմնակի ազդեցությունները հիմնականում «թեթեւ էին կամ չափավոր» եւ տեւել են ընդամնեը մի քանի օր։ RSV-ն հիմնականում մեծահասակների մոտ առաջ է բերում մրսածության նման ախտանշաններ, բայց որոշ դեպքերում կարող է հանգեցնել լուրջ հիվանդության եւ հոսպիտալացման։ Վիրուսը կարող է հանգեցնել փոքր երեխաների, տարեց մարդկանց եւ առողջական ուղեկցող խնդիրներ, օրինակ՝ ասթմա ունեցող մարդկանց մահվան։
CDC-ի տվյալներով՝ RSV-ն ամեն տարի սպանում է մինչեւ 5 տարեկան 100-300 երեխայի եւ 65-ից մեծ 6 000-10 000 մարդու Միացյալ Նահանգներում։ Հոսպիտալացումների թիվը՝ կապված RSV-ի հետ, Միացյալ Նահանգներում կազմում է 60 000-120 000։
Տեղեկացվել է, որ մասնակիցների դիտարկումները շարունակվելու են RSV-ի երեք սեզոնի ընթացքում՝ գնահատելու համար պատվաստանյութից ստացվող արդյունքի երկարատեւությունը։ Բացի այդ, ընկերությունը Arexvy-ի փորձարկումներ է անցկացնում 50-59 տարեկանների շրջանում, ներառյալ ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտները։ Հետազոտության առաջին արդյունքներն սպասվում են արդեն այս տարի։
Ներկայում մշակման տարբեր փուլերում են գտնվում RSV-ի դեմ եւս երկու պատվաստանյութեր. Pfizer ընկերության դեղամիջոցը կարող է հավանության արժանանալ այս ամիս, իսկ Moderna-ի мРНК պատվաստանյութը փորձարկման երրորդ փուլն է անցնում եւ վերջերս ստացել է «Բեկումնային թերապիա» կարգավիճակը։






