ԱՄՆ-ում սինթետիկ օփիոիդային ֆենտանիլի գերդոզավորումից մահերի թիվը 2016-ից 2021 թվականներին աճել է ավելի քան երեք անգամ: Այս մասին ասվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) զեկույցում, փոխանցում է Reuters-ը։

Զեկույցը ցույց է տվել, որ ֆենտանիլի օգտագործման հետ կապված թմրանյութերի գերդոզավորումից մահացության մակարդակը 2016 թվականին 100 հազար մարդու հաշվով 5,7-ից աճել է մինչեւ 21,6՝ 2021 թվականին: 

Ինչպես նշում է Reuters-ը, 2016-ից 2021 թվականներին մետամֆետամինի գերդոզավորումից մահացությունների թիվն աճել է ավելի քան չորս անգամ, իսկ կոկաինի գերդոզավորումից մահացությունների թիվն աճել է ավելի քան երկու անգամ: 

Ուսումնասիրության ընթացքում օքսիկոդոնից եւ հերոինից մահացությունը փոքր-ինչ նվազել է: Զեկույցի համաձայն՝ հերոինից մահացությունը 2016 թվականին 100 հազար մարդու հաշվով 4,9-ից նվազել է մինչեւ 2,9՝ 2021 թվականին:  

2016 թվականին 100 հազար մարդուց մոտ երկուսը մահացել են օքսիկոդոնի գերդոզավորման պատճառով։ 2021 թվականին այդ ցուցանիշը 100 հազար մարդուց նվազել է մինչեւ մեկուկես։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պնդում է  գործողություններ ձեռնարկել, քանի որ կառավարությունը գնահատում է, որ ԱՄՆ-ում թմրանյութերի գերդոզավորումից մահացությունների թիվը 2021 թվականին գերազանցել է 100 հազարը: 

Ֆենտանիլը ուժեղ օփիոիդ է, որն օգտագործվում է որպես ցավազրկող դեղամիջոց: Այն ափիոնի արհեստական անալոգն է, բայց ունի ավելի հզոր ազդեցություն եւ պատկանում է սինթետիկ օփիոիդների խմբին: 

Ֆենտանիլը օգտագործվում է ուժեղ ցավի ախտանիշները թեթեւացնելու համար, օրինակ, քրոնիկ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ կամ  քաղցկեղի տերմինալ փուլերում պալիատիվ օգնության շրջանակում։ 

Ֆենտանիլը՝ որպես թմրանյութ, 50 անգամ ուժեղ է հերոինից եւ 100 անգամ ուժեղ՝ մորֆինից։