Ֆիզիկոսների միջազգային կոլեկտիվն առաջին անգամ ուսումնասիրել է մարդու վերին օդային ուղիներով միկրոպլաստիկայի մասնիկների շարժման բնույթը եւ պարզել, որ մարդկանց շնչառական օրգաններում ամեն ժամ նստում է միջինում 16 պլաստիկի միկրոմասնիկներ: Սա հետագայում ընդգծում է երկրի պլաստիկ աղտոտման դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է Ամերիկյան ֆիզիկական ինստիտուտի (AIP) մամուլի ծառայությունը:
«Գիտնականները հաշվարկել են, թե ինչպես են իրենց դրսեւորում տարբեր չափերի եւ ձեւի միկրոպլաստիկի մասնիկները, երբ ներթափանցում են մարդկային օդային ուղիներ արագ շնչառության ժամանակ։ Գիտնականների կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ մասնիկների զգալի մասը տեղավորվել է շնչառական օրգանների առանձին հատվածներում, այդ թվում՝ քթի որոշ խոռոչներում եւ բերանի խոռոչում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վերջին տասնամյակների ընթացքում գիտնականները պլաստիկ աղբի եւ միկրոպլաստիկայի հսկայական մասնիկներ են հայտնաբերել ոչ միայն գետերում եւ լճերում, այլեւ համաշխարհային օվկիանոսի շատ հեռավոր շրջաններում, որտեղ առաջացել են հսկա «աղբի բծեր»։
Ավստրալացի, չինացի եւ իրանցի ֆիզիկոսների խումբը ՝ Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի ավագ գիտաշխատող Մոհամեդ Իսլամի ղեկավարությամբ, հետաքրքրվել է, թե ինչպես են իրենց դրսեւորում նման մասնիկները, երբ դրանք հայտնվում են մարդու շնչուղիներում։
Ֆիզիկոսները պատրաստել են մարդու շնչառական օրգանների մանրամասն եռաչափ մոդել եւ հաշվարկել, թե ինչպես են դրանց միջով շարժվում գնդաձեւ, գլանաձեւ եւ բրգաձեւ պլաստիկի միկրոմասնիկները՝ 1,6-ից մինչեւ 5,5 միկրոն տրամագծով։
Գիտնականների կատարած հաշվարկները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ժամ մեծ քաղաքում ապրող տիպիկ մարդը ներշնչում է պլաստիկ աղբի 16 մասնիկից մի փոքր ավելին: Դրանց մեծ մասը 5,5 միկրոն եւ ավելի տրամագծով խոշոր պլաստիկ միկրոմասնիկներ են, որոնց զգալի մասը նստում է քթի խոռոչի եւ կոկորդի կոնկրետ հատվածներում։
Ինչպես հույս ունեն ֆիզիկոսները, նրանց մշակած համակարգչային մոդելը բժիշկներին եւ կենսաբաններին կօգնի գնահատել միկրոպլաստիկի մասնիկների՝ մարդու օրգանիզմ մշտական ներթափանցման հետեւանքները եւ համապատասխան առաջարկություններ պատրաստել աշխարհի այն շրջանների բնակիչների առողջության պաշտպանության համար, որտեղ օդի հատկապես ուժեղ պլաստիկ աղտոտվածություն է նկատվում:






