Մարդկային քնի հետազոտությունների ծրագրի (SRI) տնօրեն Ֆիոնա Բեյքերն ուսումնասիրել է քնի եւ ընդհանուր առողջական վիճակի եւ բարեկեցության միջեւ փոխադարձ կապը, գրել է Medical Express-ը։
Նրա աշխատանքի մեծ մասը կենտրոնացած է եղել մեծահասակ կանանց քնի առանձնահատկությունների վրա, բայց վերջերս նրա ուշադրությունը սեւեռվել է դեռահասների վվրա։ Դեռահասությունը վճռական ժամանակ է քնի առողջ ռեժիմի ձեւավորման, ինչպես նաեւ ուղեղի զարգացման համար։ Բեյքերն իր հետազոտությունում հստակ գծեր է անցկացնում այդ երկու երեւույթների միջեւ։
«Քունն այնքան կարեւոր է մեր բոլորի, բայց հատկապես դեռահասների համար։ 10-21 տարեկանում կամ դրան մոտ եւ անգամ մի փոքր ավելի ուշ, ուղեղը զարգանում եւ հասունանում է հիմնարար միջոցներով։ Ուսումնասիրելով քունը՝ մենք փորձում ենք հասկանալ ոչ միայն քունը որպես վարքագիծ, այլեւ նրա կարեւորությունն ուղեղի եւ բարեկեցության համար ամբողջ կյանքի ընթացքում»,- ասել է հետազոտողը։
Եթե դեռահասի քնի ռեժիմը հեռու է կատարյալ լինելուց, դա կարող է ազդել ուղեղի զարգացման եւ ընդհանուր առողջական վիճակի վրա։ Ի հավելումն այն հիմնական մեխանիզմների ուսումնասիրման, որոնք շաղկապում են դեռահասի քունը, զարգացող ուղեղը եւ առողջական վիճակը, Բեյքերի լաբորատորիան աշխատում է նաեւ վարքագծի հանձնարարականների մշակմամբ, որոնք կարող են օգնել դեռահասներին գտնելու ավելի առողջ հավասարակշռություն։
Չափից շատ հեռուստացույց նայելուց մինչեւ անհանգստությունն ու ալկոհոլ օգտագործելը՝ գոյություն ունեն բազմաթիվ ծանոթ խնդիրներ, որոնք կարող են խախտել դեռահասների քունը, եւ, որպես հետեւանք, ուղեղի զարգացումը։ Վերջերս կատարված հետազոտություններից մեկում Բեյքերն ուսումնասիրել է էկրանի օգտագործումը քնից առաջ (հեռախոս, համակարգիչ, հեռուստացույց) 10-14 տարեկան ավելի քան 10 000 երեխաների մոտ եւ մի քանի հետաքրքիր եզրահանգումներ է կատարել։
Ավելի քան մեկ քառորդը (28 տոկոս) քնի խանգարում է ունեցել, բայց նրանք, ովքեր ննջարանում հեռուստացույց կամ ինտերնետին միացած էլեկտրոնային սարք են ունեցել, քնելու եւ քունը զսպելու, ինչպես նաեւ ընդհանրապես քնի խանգարման հետ կապված ավելի շատ խնդիրներ են ունեցել։ Եվ որ ավելի վատ է՝ նրանց համար, ովքեր իրենց հեռախոսները միացած են թողել գիշերը, շատ ավելի վատ է եղել, քան դրանք անջատածների համար։ Դեռահասների սովորական գործողությունները քնելուց առաջ, ինչպիսին են ֆիլմերի «հոսքային ռեժիմով» դիտումը, տեսախաղերը, երաժշտություն լսելը, խոսակցությունները/տեքստային հաղորդագրությունները հեռախոսով եւ սոցցանցերի կամ չաթերի օգտագործումը, կապված են եղել քնի հարցում առաջացող ավելի շատ խնդիրների հետ։






