Գիտնականները հայտնաբերել են գենետիկ տարբերակ՝ կապված այն բանի հետ, որ ցրված սկլերոզը ժամանակի ընթացքում դառնում է ավելի ու ավելի հյուծիչ, եւ այս հետազոտությունը համարվում է առաջին քայլը նոր դեղամիջոցի ստեղծման ճանապարհին։
Ցրված սկլերոզը (ՑՍ) ցմահ հիվանդություն է, որի դեպքում մարդու օրգանիզմը գրոհի է ենթարկվում սեփական իմունային համակարգի կողմից՝ առաջ բերելով ախտանշաններ, ներառյալ տեսողական, շարժողական եւ հավասարակշռության խնդիրները։
Ոմանց մոտ ախտանշանները կարող են ի հայտ գալ եւ անհետանալ ռեցիդիվ անվանվող փուլերի տեսքով, այն դեպքում, երբ ոմանց մոտ դրանք անընդհատ վատանում են։
Գոյություն ունեն բուժման մեթոդներ, որոնք կարող են օգնել կառավարելու ախտանշանները, բայց չկա ոչ դեղ, ոչ միջոց՝ դանդաղեցնելու հիվանդության խորացումը։
Հետազոտությունում, որը հրապարակվել է Nature ամսագրում, ամբողջ աշխարհի ավելի քան 70 ինստիտուտների գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գտնել պատմության մեջ առաջին գենետիկ տարբերակը՝ կապված ցրված սկլերոզի ծանրության հետ։
Սկզբում հետազոտողներն ի մի են բերել այդ հիվանդությունն ունեցող 12 000 մարդկանց գենետիկ տվյալները, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչ տարբերակներ են նրանց մոտ ընդհանուր եղել եւ որքան արագ է զարգացել հիվանդությունը։
Յոթ միլիոն տարբերակներից նրանք հայտնաբերել են մեկը՝ կապված հիվանդության առավել արագ զարգացման հետ։
Այդ տարբերակը գտնվում է DYSF եւ ZNF638 երկու գեների միջեւ, որոնք մինչ այդ երբեք չեն կապվել ցրված սկլերոզի հետ, նշվել է հետազոտությունում։
Առաջին գենը աշխատում է վնասված բջիջների վերականգնման ուղղությամբ, իսկ մյուսն օգնում է կառավարել վիրուսային վարակները։
Այդ գեներն անհամեմատ ավելի ակտիվ են գլխուղեղում եւ ոսկրածուծում, քան իմունային համակարգում, որտեղ մինչ այդ կատարվում էին դեղերի հետազոտությունները, նշվել է այս ուսումնասիրությունում։
Իրենց եզրահանգումները հաստատելու համար հետազոտողներն ուսումնասիրել են էլի մոտ 10 000 պացիենտի գենետիկան եւ ստացել են նման արդյունքներ։
«Երկու ծնողներից այս գենետիկ տարբերակի ժառանգումը չորս տարով արագացնում է մինչեւ քայլակների օգտագործման անհրաժեշտությունն ընկած ժամանակը»,- ասել է ամերիկացի հետազոտող եւ հետազոտության համահեղինակ Սերջիո Բարանզինին։
Աշխարհում ավելի քան 2,8 մլն մարդ տառապում է ցրված սկլերոզով։






