Օստեոպորոզի եւ պրոֆիլակտիկան, եւ բուժումը Հայատանում այսօր ԱՄՆ-ի մակարդակին է կամ նույնիսկ ավելի բարձր: Երկրի հիվանդանոցներից շատերը հագեցած են ոսկորների խտությունը չափելու հատուկ սարքերով՝ դենսիտոմետրերով, որոնք կարեւոր դեր են խաղում օստեորպորոզի ախտորոշման մեջ: Այս մասին Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց համագումարի համանախագահ, բժիշկ Գևորգ Յաղջյանը:

Այս տարի կոնգրեսի կարեւոր մասնակիցներից մեկն է հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանը. հենց նրա ջանքերի շնորհիվ են հայաստանյան բազմաթիվ հիվանդանոցներում դենսիտոմետրներ տեղադրվել:

Բժիշկ Յաղջյանի խոսքով՝ 2005 թվականին բժիշկ Բիլեզիկյանը եկավ Հայաստան ու որոշեց այստեղի հիվանդանոցները դենսիտոմետրերով վերազինելու ծրագիր սկսել: Այսօրվա դրությամբ Հայաստանում եւ պետական, եւ ոչ պետական հիվանդանոցները ունեն 10 դենսինոմետր, ինչը բավական լուրջ թիվ է՝ մեկ շնչին ընկնող սարքերի քանակի առումով:

«ես կարծում եմ, որ օստեոպորոզի եւ պրոֆիլակտիկան, եւ բուժումը Հայատանում ԱՄՆ-ի մակարդակին է կամ ավելի բարձր՝ հաշվի առնելով մեկ շնչին ընկնող սարքերի քանակը: Ու սա արվել է մեկ մարդու եւ իր խմբի շնորհիվ», — նշեց մասնագետը:

Նշենք, որ այս տարի Ջոն Բիլեզիկյանը համագումարին ելույթ է ունենալու ոչ թե օստեոպորոզի մասին զեկույցով, այլ՝ վահանաձեւ գեղձի հիվանդությունների: