Վատ քունն անդրադառնում է առողջության վրա, եւ հանգստյան օրերին բաց թողածը վերականգնելը հենց այնպես դա չի շտկի, այսպիսի եզրակացության են եկել գիտնականներն այն հետազոտության հիման վրա, որի արդյունքները հրապարակվել են Psychosomatic Medicine ամսագրում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սրտի զարկերի հաճախակիությունը եւ արյան ճնշումը (սիրտ-անոթային համակարգի առողջության կարեւոր ցուցիչներ) վատանում են այն շաբաթվա ընթացքում, երբ քունը օրական տեւում է ընդամենը մոտ հինգ ժամ։

Հանգստյան օրերին քունը վերականգնելը չի հանգեցրել այդ ցուցիչների բարելավման։

«ԱՄՆ-ում մեծահասակների միայն 65 տոկոսն է կանոնավորապես քնում օրական երաշխավորվող յոթ ժամը, եւ կան շատ վկայություններ այն մասին, որ քնի այդ անբավարարությունը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների հետ երկարաժամկետ հեռանկարում»,- նշել է հետազոտության համահեղինակ, Փենսիլվանիայի պետական համալսարանի կենսավարքային առողջության ամբիոնի դոցենտ Էն-Մարի Չանգը։

Հետազոտողներն ուսումնասիրել են 20-35 տարեկան 15 առողջ տղամարդու  11 օրվա ընթացքում։

Մասնակիցներին թույլատրվել է քնել օրական մինչեւ 10 ժամ առաջին երեք գիշերներին, ինչը թույլ է տվել հետազոտողներին գրանցել նրանց մեկնարկային մակարդակը։

Հաջորդ հինգ օրվա ընթացքում տղամարդիկ քնել են օրական հինգ ժամից ոչ ավելի։ Դրան հաջորդել են վերականգնման երկու գիշերներ, երբ նրանց թույլ է տրվել քնել օրական մինչեւ 10 ժամ։

Ողջ հետազոտության ընթացքում հետազոտողները չափել են մասնակիցների սրտի զարկերի հաճախակիությունը հանգստի վիճակում եւ արյան ճնշումը յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ օրվա ընթացքում։ Սրտի զարկերի հաճախակիությունն ավելացել է մեկ րոպեում մոտ մեկ զարկով հետազոտության յուրաքանչյուր հաջորդ օրը մեկ։

Սրտի զարկերի միջին ելակետային հաճախակիությունը կազմել է մեկ րոպեում 69 զարկ։ Հետազոտության ավարտին այն կազմել է մեկ րոպեում 78 զարկ։

Նման պատկեր է նկատվել նաեւ սիստոլիկ զարկերակային ճնշման դեպքում։

«Սրտի զարկերի հաճախակիությունը եւ սիստոլիկ զարկերակային ճնշումը բարձրացել են յուրաքանչյուր հաջորդ օրը եւ չեն վերադարձել ելակետային մակարդակին վերականգնման շրջանի վերջում,- ասել է առաջատար հեղինակ, Փենսիլվանիայի համալսարանի ասպիրանտ Դեւիդ Ռայհեբերգերը,- այդպիսով, չնայած հանգստանալու լրացուցիչ հնարավորությանը, ուիքէնդի վերջում նրանց սիրտ-անոթային համակարգը դեռ չէր վերականգնվել»։