Չափահաս մարդիկ, որոնք քնում են օրական ընդամենը երեք-հինգ ժամ, ավելի շատ են ենթակա 2-րդ տեսակի դիաբետ ունենալու վտանգին, վկայում են Ուպսալայի համալսարանի հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս, որ քրոնիկական անքնությունը չի կարելի փոխհատուցել միայն առողջ սնվելով։
«Ես սովորաբար խորհուրդ եմ տալիս գերակա ուշադրություն հատկացնել քնին, թեեւ հասկանում եմ, որ միշտ չէ, որ դա հնարավոր է, հատկապես որպես չորս դեռահասների ծնող»,- պատմել է Ուպսալայի համալսարանի դեղաբանական-կենսաբանական գիտությունների ամբիոնի դոցենտ եւ հետազոտության առաջատար մասնագետ Քրիստիան Բենեդիկտը։
Նա եւ հետազոտողների թիմը ուսումնասիրել են կապը 2-րդ տեսակի դիաբետի առաջացման եւ անբավարար քնի միջեւ։ 2-րդ տեսակի դիաբետը ազդում է շաքար (գլյուկոզա) վերամշակելու օրգանիզմի ունակության վրա՝ խանգարելով ինսուլինի յուրացմանը եւ հանգեցնելով արյան մեջ շաքարի բարձր մակարդակի։ 2020թ. հաշվետվությունը ցույց է տվել, որ ավելի քան 462 մլն մարդ տառապում է այդ հիվանդությամբ։ Ժամանակի ընթացքում այն կարող է լուրջ վնաս հասցնել, հատկապես նյարդերին եւ արյունատար անոթներին եւ, այդ կերպ, աճող խնդիր դառնալ հանրային առողջապահության համար ամբողջ աշխարհում։
«Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կրկնվող կարճ ամենօրյա հանգիստը ավելացնում է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը, այն դեպքում, երբ առողջ դիետիկ սովորությունները, ինչպիսին է մրգերի եւ բանջարեղենների մշտական օգտագործումը, կարող են իջեցնել այդ վտանգը։ Սակայն պարզ չէ, թե կարող են արդյոք այն մարդիկ, որոնք շատ քիչ են քնում, իջեցնել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը ի հաշիվ առողջ սննդի»,- նշել է Ուպսալայի համալսարանի դեղաբանական-կենսաբանական գիտությունների ամբիոնի քնի հետազոտող Դիանա Նոգան։
Ուստի, հետազոտողներն օգտագործել են աշխարհում ամենախոշոր ժողովրդագրական շտեմարաններից մեկի՝ Մեծ Բրիտանիայի Բիոբանկի տվյալները, որտեղ մոտ կես միլիոն մասնակից Մեծ Բրիտանիայից գենետիկորեն համեմատվել է եւ պատասխանել առողջության եւ կենսակերպի մասին հարցերին։ Նրանք հետեւել են մասնակիցներին ավելի քան 10 տարի եւ հայտնաբերել, որ քնի 3-5 ժամ տեւողությունը կապված է եղել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման ավելի բարձր հավանականության հետ։
Հակառակը, առողջ սնվելու սովորությունները հանգեցրել են հիվանդության առաջացման հավանականության նվազման, բայց անգամ ճիշտ սնվող մարդիկ, որոնք օրական վեց ժամից քիչ են քնել, միեւնույն է, ենթակա են եղել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման ավելի բարձր ռիսկի։
«Մեր արդյունքներն առաջին անգամ կասկածի տակ են դնում այն, թե կարող է արդյոք առողջ սնունդը ծածկել քնի անբավարարությունը՝ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման տեսանկյունից։ Դրանք չպետք է անհանգստություն առաջացնեն, այլ դրա փոխարեն դիտարկվեն որպես հիշեցում այն մասին, որ քունը կարեւոր դեր է խաղում առողջության պահպանման համար»,- նշել է Բենեդիկտը։
Նա նաեւ հավաստիացրել է, որ անբավարար քնի հետեւանքները տարբեր մարդկանց մոտ տարբեր են՝ կախված այնպիսի ասպեկտներից, ինչպիսին են գենետիկան եւ մարդու քնի փաստացի պահանջմունքը։






