Ավստրալիայի Մոնաշի համալսարանի եւ Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմյան համալսարանի գիտնականների միջազգային խումբը մարդու արյան մեջ հայտնաբերել է բիոմարկեր, որը նշում է քնի սուր անբավարարության մասին։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ամսագրում։
Բիոմարկերը 99,2 տոկոս հավանականությամբ որոշել է, թե արդյոք մարդիկ արթուն են եղել 24 ժամվա ընթացքում։ Չքնելու այս մակարդակը բարձրացնում է լուրջ խախտումների կամ անգամ մահացու ելքի վտանգը։
Քանի որ ճանապարհատրանսպորտային պատահարների մոտ 20 տոկոսն ամբողջ աշխարհում պայմանավորված է քնի անբավարարությամբ, հետազոտողները հուսով են, որ այս բացահայտումը կարող է օգնել ապագա թեստերում, որոնք թույլ կտան արագ եւ հեշտ պարզել քնատ վարորդներին։
Բիոմարկերը նաեւ կարելի է կիրառել այլ իրավիճակներում, երբ չքնելը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների, օրինակ՝ աշխատատեղում, կապված անվտանգության սպառնալիքների հետ։
«Կան համոզիչ ապացույցներ, որ օրական հինգ ժամից պակաս քունը կապված է այն բանի հետ, որ մեքենա վարելն անվտանգ չէ։ Սակայն մեկ օր արթուն մնալուց հետո ղեկին նստելը հավասարազոր է ալկոհոլային հարբածության վիճակում մեքենա վարելուն»,- նշել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Քլեր Անդերսոնը։
Նոր թեստը կարող է օգտագործվել բուժզննումների եւ դատաբժշկական փորձաքննության համար, նշել են մասնագետները, բայց մեթոդիկան լրամշակման կարիք ունի։






