Միջազգային հետազոտական խումը հայտնաբերել է, որ լակտադգերին սպիտակուցը հանդես է գալիս որպես սրտի ծերացման մարկեր։ Բացի այդ, ներկայում հաստատված է, որ լակտադգերինը նաեւ մասնակցում է կարեւորագույն ազդանշանային ուղիների եւ բորբոքային պրոցեսներին՝ կապված ծերացման հետ, հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular & Cellular Proteomics ամսագրում։ Հետազոտությունում հիմնական ուշադրությունը հատկացվել է մկների եւ մարդու սրտի մկանների հյուսվածքների փոփոխություններին։ Գիտնականները հետազոտել են ինչպես ծերանալու նորմալ պրոցեսները, այնպես էլ արագացված ծերացումը հիվանդությունների պատճառով։ Նրանք հայտնաբերել են, որ սրտի հյուսվածքների որոշակի մասեր, հատկապես արտաբջջային մատրիքսը (ECM), փոփոխությունների են ենթարկվում ծերացման նորմալ պրոցեսի ընթացքում։ ECM-ն հյուսվածքում ինքնատիպ «կարկաս» է, որն աջակցում է բջիջներին։ Արտաբջջային մատրիքսում տեղի ունեցող փոփոխությունները համարվում են քրոնիկական բորբոքային շատ հիվանդությունների բնութագրական գիծը, որոնք կարող են հանգեցնել բջջային դիսֆունկցիայի, ծերացման եւ հիվանդության խորացման։ Սակայն ծերացող սրտի ECM-ի եւ սրտի բջիջների վրա ժամանակագրական եւ պաթոլոգիական ծերացման ժամանակ նրա ազդեցության մասին ստույգ գիտելիքները բավական քիչ էին։ Հետազոտողների թիմը փաստել է, որ փոփոխություններն այդ կառույցում միաժամանակ ազդում են սպիտակուցների քանակի վրա այդ հատվածում։ Մասնավորապես, լակտադգերին սպիտակուցը նույնականացվել է որպես մարկեր։ Այն մկների եւ մարդկանց մոտ բարձր քանակություններով առաջանում է ինչպես նորմալ, այնպես էլ արագացված ծերացման ժամանակ։ Լակտադգերինը հիմնականում պարունակվում է կաթի մեջ, որտեղ գործում է որպես հակավիրուսային սպիտակուց։ Սակայն լակտադգերինը նաեւ նպաստում է այնպիսի պրոցեսների, ինչպիսին է ձվաբջիջների բեղմնավորումը, եւ մոդելավորում է արյունատար անոթների աճը։ Հետազոտողները հայտնաբերել են, որ լակտադգերինի բարձր մակարդակները սրտի անոթներում կապված են «ծերացման» եւ բջիջներում բորբոքային ռեակցիաների հատուկ ազդանշանային ուղիների ակտիվացման հետ։
Գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը վկայում է սրտի ծերացման մասին






