Վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի շատ հետազոտություններ են հաստատում այն միտքը, որ գենետիկան կարող է որոշակի դեր խաղալ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հարցում, որը թուլամտության տեսակ է, որով ամբողջ աշխարհում տառապում է մոտ 32 միլիոն մարդ:
Այժմ Բոստոնի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի և Հյուսթոնում Տեխասի համալսարանի առողջապահության գիտական կենտրոնի հետազոտողները համալրում են այս հայեցակարգը նոր ուսումնասիրությամբ, որը հայտնաբերել է գենոմի հինգ շրջաններում Ալցհեյմերի հիվանդության հետ կապված 17 գենետիկ տատանումներ՝ ԴՆԹ-ի հաջորդականության փոփոխություններ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia: The Journal of the Alzheimer's Association ամսագրում:
Այս ուսումնասիրության համար հետազոտողները օգտագործել են Ալցհեյմերի հիվանդության սեքվենավորման նախագծից (ADSP) ստացված տվյալները, որը գենետիկ նախաձեռնություն է, որը 2012 թվականին սկսել էին Առողջապահության ազգային ինստիտուտները՝ Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ազգային նախագծի շրջանակում:
Գիտնականներին հասանելի են դարձել Ալցհեյմերի հիվանդությամբ կամ առանց դրա շուրջ 4600 մարդու ավելի քան 95 միլիոն գենետիկական տարբերակների մասին տվյալները։
Տվյալների վերլուծությունից հետո գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության հետ կապված 17 նշանակալի տարբերակներ, որոնք տեղակայված են գենոմի հինգ շրջաններում:
Գիտնականների կարծիքով, գենետիկական ամենանշանակալի տարբերակներից մեկը լիզինացետիլտրանսֆերազա 8 տարբերակն է (KAT8):
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ KAT8-ը կարևոր է ուղեղի զարգացման համար և կարող է որոշակի դեր խաղալ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված դեմենցիայի զարգացման մեջ:
Բացի այդ, ADSP տվյալների բազայի միջոցով հետազոտական թիմին հասանելի են դարձել լայն սպեկտրի էթնիկ խմբերի գենետիկ տարբերակների վերաբերյալ տվյալները, ներառյալ սևամորթները/աֆրոամերիկացիները և իսպանացիները/լատինացիները, որոնք, ըստ հետազոտողների, պատմականորեն քիչ են ներկայացված Ալցհեյմերի հիվանդության հետ կապված գենետիկական հետազոտություններում:






