Գլխուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակի՝ գլիոբլաստոմայի բուժման նոր մոտեցումը մեծ հեռանկարներ է ցուցաբերել մինչկլինիկական փուլում։

Թարգեթային ալֆա-թերապիան (ԹԱԹ) դառնում է գլիոբլաստոմայի բուժման պոտենցիալ լրացուցիչ մեթոդ, դա հիվանդություն է, որը տասնամյակներ փակուղի է մտցրել ուռուցքաբաններին իր ագրեսիվ բնույթի եւ բուժման առկա մեթոդների հանդեպ ուժեղ ռեզիստենտության պատճառով։

Ներկայում բուժման ստանդարտ մեթոդը վիրաբուժական միջամտությունն է, որին հաջորդում են արտաքին ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապեւտիկ տեմոզոլոմիդ դեղամիջոցը։ Սակայն հինգ տարվա ընթացքում 5-10 տոկոսով ողջ մնալու հավանականությունը հետազոտողներին մղել է ուսումնասիրել այլընտրանքային տարբերակներ։ Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները ԹԱԹ սեփական ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի գնահատեն թարգեթային ալֆա-թերապիայի արդյունավետությունը որպես ռեցիդիվային գլիոբլաստոմայի բուժման տարբերակ։

«Գլիոբլաստոմայի թարգեթային ալֆա-թերապիա. In Vitro, In Vivo հետազոտությունների եւ կլինիկական փորձերի ուսումնասիրություն» հոդվածում, որը հրապարակվել է Targeted Oncology ամսագրում,  բժշկական գիտությունների թեկնածու Մարամ Էլ Սաբրին, բժշկական ճառագայթային ֆիզիկայի պրոֆեսոր Եվա Բեզակը եւ պրոֆեսոր-ուռուցքաբան Ֆրենկ Սարանը ներկայացնում են ապացույցներ, որոնք հաստատում են այդ մեթոդը։

«Ի տարբերություն արտաքին ճառագայթային թերապիայի, որն ապահովում է ավելի ցրված ճառագայթումն ավելի մեծ ծավալով, ԹԱԹ-ը ուռուցքին հասցնում է մահացու ճառագայթման ավելի մեծ քանակություն շատ մոտ տարածությունից՝ խոցելով թիրախը առանց մոտ գտնվող առողջ հյուսվածքների վրա էական ազդեցություն գործելու,- հոդվածում բացատրել է Մարամը։- Ալֆա-մասնիկները 10 անգամ ավելի արդյունավետ են ստանդարտ ֆոտոնային ճառագայթային թերապիայի համեմատ՝ սպանելով քաղցկեղի բջիջները կամ դանդաղեցնելով դրանց հետագա աճը՝ վնմսելով դրանց ԴՆԹ-ն»։

Գլիոբլաստոմաները շատ արագ են զարգանում եւ տարածվում ուռուցքի հեշտ տեսանելի սահմաններից դուրս, գլխուղեղի նորմալ հյուսվածքներում, ինչը դժվարացնում է ճառագայթման օպտիմալ չափաբաժնի ներարկումը, որն անհրաժեշտ է քաղցկեղի ոչնչացման համար։

Կենդանիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ միայն մի քանի թիրախային գործակալներ կարող են արդյունավետ հաղթահարել հեմատոէնցեֆալիկ պատնեշը եւ հասնել քաղցկեղի հյուսվածքներին։

Մինչկլինիկական փորձերում ցույց է տրվել, որ ԹԱԹ-ը 16,1 տոկոսով ավելացնում է ողջ մնալու հավանականությունը առաջին անգամ հայտնաբերված գլիոբլաստոմայի եւ 36,4 տոկոսով՝ ռեցիդիվի դեպքում։

ԹԱԹ-ը նվազագույն աննպաստ ազդեցություն է ունենում պացիենտի վրա։ Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Բեզակը պատմել է, որ ԹԱԹ-ը առաջին անգամ քաղցկեղի բուժման համար առաջարկվել է ավելի քան 20 տարի առաջ ավստրալացի հանրահռչակ գիտնական, պրոֆեսոր Բարի Ալենի կողմից, որը մահացել է 2019թ. քաղցկեղից։

«Մինչկլինիկական հետազոտությունները ցույց են տվել բազմախոստում արդյունքներ։ Ալֆա-ճառագայթիչները 10 անգամ ավելի թունավոր են բջիջների համար, քան գամմա-ճառագայթումը, որը օգտագործվում է արտաքին ճառագայթման ժամանակ»,- նշել է նա։

Մարամն իր դոկտորական ատենախոսությունում մշակում է համակարգչային մոդել, թե ինչպես կարող է ԹԱԹ-ը առավել արդյունավետորեն հասնել ուղեղին վիրահատությունից հետո, ինչպես նաեւ ավանդական ճառագայթային բուժման եւ քիմիաթերապիայի համադրմամբ՝ ազդելով մնացորդային քաղցկեղային բջիջների վրա եւ ապահովելով ուռուցքի ավելի արդյունավետ ճառագայթումը։