Էդիթ Քոուենի համալսարանի (ECU) նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բուսական նիտրատները կապված են մահացության ավելի ցածր վտանգի հետ, մինչդեռ կենդանական ծագման նիտրատները, վերամշակված միսը եւ խողովակի ջուրը բարձրացնում են հիվանդությունների առաջացման վտանգը։ Աշխատանքը հրապարակվել է European Journal of Epidemiology ամսագրում։
Նիտրատը միացություն է, որը պարունակվում է բանջարեղեններում, մսի եւ խմելու ջրի մեջ, այն դարձել է վեճերի առարկա առողջության վրա պոտենցիալ ազդեցության առումով։ Նիտրատը կարող է որոշակի դեր խաղալ սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ), դեմենցիայի եւ դիաբետի կանխման գործում։ Սակայն մտահոգությունը նիտրատների եւ քաղցկեղի միջեւ կապի շուրջ հանգեցրել է անորոշության նիտրատներ պարունակող կանաչ բանջարեղենների օգտագործման հարցում։
Դոկտոր Նիկոլա Բոնդոնոն (Nicola Bondonno) ECU-ից գլխավորել է այն նախագիծը, որի ընթացքում պարզվել է, որ Դանիայի քաղցկեղի եւ առողջության հետազոտության 52 247 մասնակիցների մեջ բուսական եւ բանջարեղենային ծագման նիտրատների բարձր օգտագործումը կապված է եղել բոլոր պատճառներից, սիրտ-անոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահացության վտանգի նվազման հետ 14-24 տոկոսով։
Չնայած բուսական ծագման նիտրատները չեն կարող լինել միակ գործոնը, որը նպաստել է մարդու առղջությանը՝ հաշվի առնելով այն, որ բույսերը եւ բանջարեղենները պարունակում են մի շարք պաշտպանիչ միացություններ, որոնք ինքնին ասոցիացվում են սիրտ-անոթային հիվանդությունների, քաղկեղի ավելի ցածր վտանգի հետ, հետազոտությունն ընդգծում է նիտրատներով հարուստ բանջարեղենների օգտագործման արժեքավորությունը մահացության վտանգի նվազման համար։
Հետազոտությունը լրացրել է տվյալներն այն մասին, որ չկան անհանգստանալու հիմքեր՝ կապված քաղցկեղի առաջացման հետ նիտրատներով հարուստ բանջարեղենների օգտագործման դեպքում, ինչպիսին են կանաչատերեւ բանջարեղենները եւ բազուկը։
Հակառակը, կենդանական ծագման նիտրատների օգտագործումը բարձրացրել է բոլոր պատճառներից մահացության վտանգը 9 եւ ՍԱՀ-ի դեպքում՝ 12 տոկոսով։
Միեւնույն ժամանակ, վերամշակված մսի մեջ պարունակվող նիտրատների ավելի շատ օգտագործումը բարձրացրել է մահացությունը բոլոր պատճառներից եւ քաղցկեղից 12-22 տոկոսով։ Մասնակիցները, որոնք օգտագործել են խողովակի ջրի մեջ պարունակվող նիտրատներ, ունեցել են մահացության ավելի բարձր ռիսկ բոլոր պատճառներից եւ ՍԱՀ-ից, բայց ոչ քաղցկեղից, գրել է «Научная Россия» պորտալը։
Դոկտոր Բոնդոնոն ասում է, որ նիտրատների աղբյուրը որոշում է օրգանիզմի արձագանքը դրանց. «Եթե պարզ ասենք, ապա օրգանիզմում հայտնվելով՝ նիտրատը կարող է անցնել երկու տարբեր ուղիներով։ Դրանցից մեկը ազոտի օքսիդ միացությունն է, որը, ինչպես ցույց է տրվել, բարելավում է արյան հոսքը, նվազեցնում արյան ճնշումն ու աջակցում սիրտ-անոթային համակարգի ընդհանուր առողջությանը։ Բայց նիտրատը կարող է անցնել նաեւ երկրորդ ճանապարհով՝ գոյացնելով միացությունների խումբ՝ նիտրոզոմիններ անվանմամբ, որոնք համարվում են քաղցկեղածին եւ կապված են քաղցկեղի հետ։ Ենթադրվում է, որ բանջարեղենների հակաօքսիդանտային միացությունները նիտրատին մղում են դեպի առաջին ճանապարհ»։
Ուստի պետք է ուտել ավելի շատ բույսեր եւ ավելի քիչ կենդանական ծագման մթերքներ, ինչպես նաեւ սահմանափակել մշակված մսամթերքների օգտագործումը։
«Կարծիքների մեծ մասը սովորաբար կապված է քաղցկեղի մտահոգությունների հետ, բայց հետազոտության ամենահետաքրքիր եզրակացություններից մեկն այն է, որ խմելու ջրում հայտնաբերված նիտրատներն ավելի սերտորեն են կապված եղել սիրտ-անոթային հիվանդություններից մահացության հետ։ Բույսերի եւ բանջարեղենների նիտրատները պաշտպանում են մահացության տարբեր տեսակներից։ Բայց երբ նիտրատներն ունեն կենդանական ծագում կամ խողովակի ջրում են պարունակվում, դրանք բարձրացնում են հիմնականում սրտային հիվանդությունների, ինչպես նաեւ քաղցկեղի որոշ տեսակների վտանգը»,- եզրակացրել են գիտնականները։






